Սյունիքի ճանապարհի շուրջ ակտիվացած քննարկումների ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Իրանի ղեկավարները:
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
«Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների [խմբ. Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի] հետեւանքով զոհերի կապակցությամբ», - հայտնում են Փաշինյանի գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Հայաստանցի ու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները հաջորդում են Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական տարաձայնությունները հարթելու համար Ամերիկան առաջարկել է 100 տարով վարձակալել Իրանի հետ սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհը:
Հայաստանի վարչապետը իր ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակը ամերիկյան առաջարկն է, բայց և նշել, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա:
Երևանի հաղորդագրությունում մանրամասներ չկան. պարզ չէ, թե արդյոք անդրադարձ եղել է ամերիկյան առաջարկին և ինչ տեսակետ է հայտնել Իրանի նախագահը: Հստակ չէ նաև, թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը:
Հուլիսի 17-ին հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի ու Իրանի անվտանգության խորհուրդների քարտուղարները, իսկ երեկ Երևանում փոխվարչապետն էր ընդունել Իրանի դեսպանին: Երկու դեպքում էլ ապաշրջափակումը քննարկվել էր:
Թեհրանն այսօր մանրամասներ էր հայտնել Արմեն Գրիգորյան-Ալի Աքբար Ահմադիան հեռախոսազրույցից: Ըստ այդմ՝ իրացի պաշտոնյան վերահաստատել էր՝ «Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխությանը»:
Թեհրանը բազմիցս է ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ դեմ է տարածաշրջանում «երրորդ ուժերի ներկայությանը», ինչպես նաև Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքին»: