Մատչելիության հղումներ

Բաքուն միջազգային դատարան կդիմի՝ Ռուսաստանի դեմ


Ադրբեջանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան՝ անցած տարեվերջին կործանված ինքնաթիռի գործով, հայտարարել է երկրի նախագահը, կրկին ընդգծելով, որ Ռուսաստանն է ավիավթարի պատասխանատուն։

Երեկ, արձագանքելով Ստեփանակերտում անցկացվող մեդիաֆորումի մասնակիցներից մեկին, նախագահ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը այս ողբերգության մասին չի մոռանա, քանի դեռ «մեղավորները չեն ընդունել իրենց մեղքը, չեն պատժել պատասխանատուներին և փոխհատուցում չեն վճարել զոհերի ընտանիքներին, վիրավորներին, ինչպես նաև AZAL-ին՝ ինքնաթիռի կորստի համար»։

«Ինքնաթիռում երկու մարդ կար, որոնք բեկորային վնասվածքներ էին ստացել։ Հետևաբար, այն միտքը, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից, բացարձակապես ծիծաղելի է»,-հայտարարել է Ալիևը, հավելելով,-«Մենք գիտենք, թե ինչ է պատահել՝ Ռուսաստանի օդային տարածքը չի փակվել։ Այն փակվել է ինքնաթիռի խոցումից մի քանի րոպե անց»։

Ալիևը պնդել է, թե Ադրբեջանի գլխավոր դատախազը պարբերաբար նամակներ է ուղարկում Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարին, վերջինս, սակայն, պատասխանում է, թե «դեռ հետաքննություն է ընթանում»։ «Մենք կսպասենք այդ հետաքննության ավարտին»,-հայտարարել է Ալիևը, զգուշացնելով՝ միևնույնն է, որքան էլ ռուսական կողմը ձգի պատասխանը, Բաքուն չի մոռանա այս միջադեպի մասին։

«Մենք գիտենք, որ միջազգային քննությունըկարող է ժամանակ պահանջել։ Մալայզիական Boeing-ի դեպքում դա տևեց ավելի քան 10 տարի, ուստի մենք կսպասենք 10 տարի։ Արդարությունը պետք է հաղթի»,-ասել է Ալիևը, հավելելով, թե «այս անորոշ իրավիճակը» չի նպաստում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG