Մինչ ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումն ու հարվածներն ուկրաինական բնակավայրերին, իսկ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, Կիևն ու Մոսկվան հայտարարում են այս շաբաթ նախատեսված բանակցությունների մասին: Հանդիպման օրը, սակայն, հստակ չէ:
Ուկրաինայի նախագահն ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը կղեկավարի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահին կրկին առաջարկել է հանդիպել և բանակցել պատերազմը դադարեցնելու շուրջ։ Նաև հայտնել է, որ առաջիկայում գերիների մի քանի փոխանակում է ակնկալվում, թե երբ՝ չի հստակեցրել: Բանակցությունների կոնկրետ օր ևս չի նշել, թեև երեկ Ումերովին հղումով ասել էր, որ դրանք նախատեսված են հուլիսի 23-ին՝ Թուրքիայում:
Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան կոնկրետ օր կնշի, երբ պատրաստ լինի։ Կրեմլը, այդուհանդերձ, ակնկալում է, որ հանդիպումը կկայանա այս շաբաթ, ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ նախքան ղեկավարների մակարդակով հանդիպման մասին խոսելը շատ աշխատանք կա անելու: Իսկ բանակցությունների այս փուլից բեկումնային առաջընթաց ակնկալելու հիմքեր չկան, նշել է նա:
«Որևէ հիմք չկա հրաշքների կատեգորիայից ինչ-որ բեկում ակնկալելու. դա դժվար թե հնարավոր լինի ստեղծված իրավիճակում: Մենք մտադիր ենք ապահովել մեր շահերը և կատարել այն խնդիրները, որոնք ինքներս մեր առաջ դրել ենք ի սկզբանե», - հավելել է նա:
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան երեկ ասել էր, որ Ռուսաստանի առավելապաշտական պահանջներն անընդունելի են, իսկ բանակցությունները պետք է հիմնված լինեն կողմերի շահերը հարգանքի վրա: Նաև կարևորել է, որ բանակցությունները լինեն կոնկրետ, մյուս կողմը ունենա մանդատ՝ քննարկելու ամենակարևոր հարցերը, օրինակ՝ հրադադարը: Հետևաբար, ըստ նրա, բանակցություններին պետք է մասնակցեն նաև երկրների առաջնորդները:
«Որպեսզի կարողանանք քննարկել նման ռազմավարական հարցեր, առաջարկներից մեկը Զելենսկիի և Պուտինի մակարդակով հանդիպում անցկացնելն է՝ ԱՄՆ նախագահի, եվրոպական առաջնորդների, նախագահ Էրդողանի մասնակցությամբ, ինչը շատ օգտակար կլինի», - նկատել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Այս ընթացքում ռազմական դրությունը մնում է լարված: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ ռուսական դիվերսիոն մի խմբավորում մտել է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաք: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: Գիշերն էլ հարվածել են Սլավյանսկին, Օդեսային, Խերսոնին, կա մեկ տասնյակից ավելի վիրավոր։ Կրամատորսկում 10-ամյա երեխա է զոհվել, ևս մեկ զոհ կա Սումիում։ Ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությունը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել նաև իր ենթակառուցվածքները:
Ուկրաինական զինուժը ևս հարվածել է ռուսական քաղաքներին, այդ թվում՝ Ռոստովին: Անօդաչուների հարձակման պատճառով Սամարայի օդանավակայանը գործում է սահմանափակումներով:
Իսկ Եվրոպան այս ընթացքում շարունակում է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու ջանքերը: Գերմանիայի կանցլերը երեկ Բեռլինում Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր տրամադրեմ, եթե նրանք իրենց Patriot-ները փոխանցեն Ուկրաինային: Սակայն, ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ առաջարկի բոլոր մանրամասները դեռ պարզ չեն, և հիմա քննարկում են դրանք:
«Այսինքն՝ մենք մատակարարում ենք այդ համակարգերը և դրանց փոխարինողներ ենք ստանում։ Սակայն փոխարինողները դեռ չեն գտնվել։ Այժմ բանակցություններ են ընթանում ամերիկյան կառավարության հետ, թե որտեղից պետք է ստացվեն դրանք», - ասել է նա:
Նորվեգիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Օսլոն պատրաստ է օգնել Ուկրաինայի համար Patriot համակարգերի գնումը ֆինանսավորելու հարցում: Սակայն, ըստ Յոնաս Գահր Ստյորեի, լավ կլինի, եթե Վաշինգտոնը հստակ պարզաբանի, թե ինչպես է տեղի ունենալու դրանց փոխարինումը. «Դա պետք է հստակ լինի։ Եվ հետո, երբ դա տեղի ունենա, իսկ ես հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով, Նորվեգիան պատրաստ է կիսել այդ ֆինանսական բեռը»:
Ուկրաինայի պաշտպանության նախարարն իր հերթին սոցցանցում գրել է, որ հաջորդ տարի պաշտպանության ծախսերի համար երկրին անհրաժեշտ կլինի առնվազն 120 միլիարդ դոլար: Դենիս Շմիգալը նշել է, որ Կիևն ակնկալում է 60 միլիարդ դոլարի ֆինանսավորում ստանալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ գործընկերներից, որոնց հետ բանակցությունները շարունակվում են:
Այս ֆոնին Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ստվերային նավատորմի ևս 135 նավի և երկու ընկերության նկատմամբ: Ըստ կառավարության՝ նոր փաթեթը հարվածում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտին և սահմանափակում հասանելիությունը նավթային եկամուտներին, որոնք ֆինանսավորում են Պուտինի ապօրինի պատերազմը Ուկրաինայում։
ԱՄՆ ֆինանսների նախարարն իր հերթին CNBC-ին տված հարցազրույցում եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել միանալ ռուսական էներգակիրներ ներմուծողների դեմ երկրորդային պատժամիջոցներին, եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի դրանք: Օրինագծով առաջարկվում է 500 տոկոս մաքսատուրք կիրառել ներմուծվող ապրանքների համար այն երկրներից, որոնք Ռուսաստանից նավթ են գնում: Սակայն Սքոթ Բեսենթը նշել է 100 տոկոս մաքսատուրքի մասին: