Թեհրանը մանրամասներ է հայտնել Ահմադիան-Արմեն Գրիգորյան զրույցից

Իրանական Меhr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը իր հայաստանցի պաշտոնակից Արմեն Գրիգորյանի հետ օրերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատել է Թեհրանի տեսակետը, որի համաձայն «Իրանը դեմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության և կարծում է, որ այդ մոտեցումը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

«Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ահմադիանը իր երախտագիտությունն է հայտնել Իսրայելի վարչակազմի՝ Իրանի դեմ հարձակման ընթացքում Հայաստանի ցուցաբերած դիրքորոշման համար։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նաև վերահաստատել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխությանը», - հայտնում է գործակալությունը:

Հայկական կողմը հեռախոսազրույցի մասին հայտնել էր հուլիսի 17-ին՝ նշելով, որ պաշտոնյաները քննարկել են նաև տարածաշրջանի ապաշրջափակումը:

Զրույցը տեղի էր ունեցել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունից հետո, թե հայ-ադրբեջանական տարաձայնությունները հարթելու համար Ամերիկան առաջարկել է 100 տարով վարձակալել Իրանի հետ սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհը:

Երեկ էլ Երևանում Իրանի դեսպանին էր ընդունել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս դեպքում ևս ապաշրջափակմանը անդրադարձ էր եղել: