Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ, «Ազատությանը» փոխանցեցին նախարարության լրատվականից:
Հանձնաժողովը պետք է որոշի վարույթ հարուցել և ուսումնասիրել հաղորդումը: Հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը «Ազատությանն» ասաց՝ դեռ որոշում չկա:
«Ազատության» տեղեկություններով՝ ՀԷՑ կառավարչի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետորսյանն է, որն այսօր ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից: Լիանա Ազիզյանն այս հարցին չպատասխանեց, ասաց՝ տեղեկություններ չունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարել էր, որ այս փուլում պետք է վերցնեն ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնեն:
ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը վարչապետն սկսեց, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանեց Փաշինյանի արշավից ու հայտնվեց բանտում:
Այսօր առավոտյան էլ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարին: Պաշտոնական հաղորդագրությամբ ընդհանուր տեղեկություններ են հայտնում, թե էլեկտրական ցանցերի հետ կապված հարցեր են քննարկել: Խաչատուրյանը կարևորել է կայուն ու անվտանգ գործունեությունը, հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ նրան է ներկայացրել իրենց աշխատանքները: Հաղորդագրությունում այլ մանրամասներ չկան: