Մատչելիության հղումներ

ՀՀ երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը. վարչապետի խոսնակ


Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կրկին պնդելով, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան», մանրամասնել է, թե ինչ է հասկանում դրա տակ։ «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

«Հայաստանի Հանրապետությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը նաև ակնկալում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և ՀՀ մնացած մասի միջև, ինչպես նաև երրորդ երկրներից և դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։ Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու», - նշել է Բաղդասարյանը։

Վարչապետի խոսնակն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից՝ ընդգծելով՝ «դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին»։

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ։ Քաղաքացիների եւ նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության եւ արգելված ապրանքների շրջանառության անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը եւ այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունեն միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ, սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսևորումները կանխարգելելու և հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ Հետևաբար, Հայաստանի համար նաև այս առումով հասկանալի չէ Ադրբեջանի հայտարարությունը։ Այլ բան, եւ դրա մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության սահմանային եւ մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Հիմա սա ընդունված ձեւաչափ է աշխարհի բազմաթիվ երկրներում», -ընդգծել է նա։

Վարչապետի խոսնակը հավելել է նաև, որ ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է կապարակնքվեն, դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար:

«Նաև տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ: Բոլոր դեպքերում համապատասխան համաձայնեցված վճարներ պետք է վճարվեն, եւ ՀՀ պետական բյուջեն պետք է եկամուտներ ստանա տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկումից»։

Ինչ վերաբերվում է անվտանգությանը, Նազելի Բաղդասարյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքն է ապահովում իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների և ուղևորների անվտանգությունը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել տարանցման անվտանգությունը՝ թե բեռների, թե տրանսպորտային միջոցների, թե խողովակաշարերի, թե մալուխների եւ թե, իհարկե, ուղևորների համար։ Ինչ վերաբերում է երկու երկրներում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համար անհրաժեշտ ներդրումներին, ամեն երկիր ինքն է որոշում իրեն հարմար ներդրումային սխեմաները։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում հստակ նշել է, որ ՀՀ տարածքում ներդրումային որևէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից եւ իրավազորությունից անդին», - ասել է վարչապետի խոսնակը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG