Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հերթական փուլ կարող է տեղի ունենալ այս շաբաթ Ստամբուլում, այս մասին հայտնում է Independent Türkçe թուրքական պարբերականը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Թերթի փոխանցմամբ՝ բանակցությունները նախատեսված են հուլիսի 23-24-ին։
Անցած օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ բանակցությունների նոր փուլ անցկացնելու Կիևի առաջարկը ռուսական կողմին փոխանցել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Զելենսկիի խոսքով՝ «անհրաժեշտ է թափ հաղորդել բանակցությունների դինամիկային» և «անել ամեն ինչ հրադադարի հասնելու համար»։
Անցած ամիսներին ռուս-ուկրաինական բանակցությունների մի քանի փուլ տեղի է ունեցել Ռիյադում, ապա՝ Ստամբուլում։ Քննարկումների ամենաշոշափելի արդյունքը ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման վերաբերյալ համաձայնությունն էր։