Վանաձորում երեկ անսպասելիորեն համայնքային հողատարածքների վարձակալության մրցույթը չկայացավ, թեև, կարծես թե, ամեն բան պատրաստ էր։ Աճուրդի մուրճը սեղանին էր, ցուցակները՝ տպագրված, քվորում էլ կար: Չէին ներկայացել միայն չափազանց էժան՝ մեկ քառակուսի մետրի դիմաց ընդամենը 30 լումայից մինչև 50 դրամ գնահատված հողատարածքների հայտատուները: Թեև պարտվելու հավանականություն չկար՝ մասնակիցներից որևէ մեկը մրցակից չուներ:
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ղեկավար Գևորգ Քոթանջյանն օրեր առաջ այս գործընթացում կեղծիք էր տեսել ու դիմել էր Տարածքային կառավարման նախարարություն, Գլխավոր դատախազություն ու Հակակոռուպցիոն կոմիտե՝ մրցույթները չեղարկելու և քրեական վարույթ հարուցելու պահանջով։
Վանաձորի նոր, այս տարվա գարնանը հաստատված հատակագծով քաղաքում հանգստի գոտի համարվող Մայմեխի գետամերձ անտառները անօգտագործելի այլ հողեր են համարվում։ Մինչդեռ համայնքապետարանը կադաստրում այս տարածքները գրանցել է որպես «հասարակական նշանակության հողեր», որի դեպքում վարձակալողը կարող է այստեղ անգամ շինարարություն անել:
Ավելի ուշագրավ է հանքավայրերն արոտավայր անվանելու պատմությունը։ Համայնքապետի պաշտոնակատարը որոշել է քառակուսի մետրը 30 լումայի դիմաց վարձակալության տալ հատակագծում «հանքավայր» նշված տարածքները՝ որպես արոտավայր։ Պաշտոնյաները լռեցին, չպատասխանեցին՝ ինչո՞ւ մասնակիցները չեկան այս շահավետ հնարավորության հետևից։ Արդյոք լրագրողի ներկայությունը կաշկանդե՞ց մասնակիցներին: Չէ՞ որ 50 դրամով 10 տարի ժամկետով հող ստանալն իսկապես գրավիչ է:
Չկայացած մրցույթի ցանկից հենց արոտավայր ներկայացված հանքի երկու հողակտորներն էին հանել: Պետական կադաստրի կոմիտեի կայքէջից ստացված տեղեկությունների համաձայն, անցած տարի օգոստոսին կադաստրը Գուգարքի հանքավայրին արոտավայրի վկայական է տվել: Դրանից մեկ շաբաթ անց էլ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 12 հեկտար տարածքը վարձակալությամբ է տվել ոմն Սամվել Սաքանյանին։ Այդ նույն օրը՝ անցած տարվա օգոստոսի 22-ին, Փելեշյանը Գուգարքի ավազի հանքի տարածքների մասին 9 որոշում է կայացրել՝ բոլորն էլ Սամվել Սաքանյանի օգտին։ Ընդ որում՝ չկայացած մրցույթի այդ երկու լոտերի համար հենց Սաքանյանն էր հայտ ներկայացրել։ Բայց նա էլ չեկավ, քանի որ դեռ երկու օր առաջ էին այս տարածքները հանել մրցույթի ցանկից։
Ունի՞ արդյոք Սաքանյանն ընդերքի օգտագործման թույլտվություն, եթե միջոցներ են ձեռնարկել հանքը ներկայացնելու որպես արոտավայր։ Եթե միայն անցած տարի է տարածքը նրան վարձակալությամբ տրվել, նախկինում ի՞նչ իրավունքով էր տնօրինել այն։
Քարտեզներում հստակ երևում է, որ այս տարածքները որպես հանքավայր շահագործվում են դեռ 2018-ից: Արդյոք Սաքանյանը վճարե՞լ է համայնքին ու պետությանն այս շահավետ ընդերքօգտագործման դիմաց: Հանքավայրի յուրաքանչյուր քառակուսի մետրը Սաքանյանին տրամադրվել է 31 լումայով։ Այսօր պետք է դառնար 30 լումա։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը հիշեցնում է՝ Մամիկոն Ասլանյանը նմանատիպ կեղծիքների մեղադրանքով կալանավորվեց, 3 տարի բանտում անցկացնելուց հետո՝ դատապարտվեց:
Դատախազությունից ու Հակակոռուպցիոն կոմիտեից իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի գրությանը դեռ չեն պատասխանել՝ արդյոք իրավապահները կդիտարկե՞ն խնդիրն ու քրեական վարույթ կհարուցե՞ն: