Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից մարդիկ են ներգրավվել, որ դեր են ստանձնում բեմականացված դատերում. Սահակյան


Ադրբեջանական դատարանում միայն պետական լրատվամիջոցների ներկայությամբ շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: Փակ նիստում դարձյալ ադրբեջանցիներ են ցուցմունք տվել երբևէ ռազմական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանի դեմ, ներկայացել իբրև «ռազմական գործողություններից տուժածների իրավահաջորդներ»:

Այդ մարդիկ դատարան են բերվել կեղծ դատավարությունն ապահովելու համար, նրանց ցուցմունքները հորինված են ու որևէ աղերս չունեն Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման կարճ շրջանի հետ, ասում է միջազգային ատյաններում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը:

«Ներգրավվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից և որոշակի դեր են ստանձնում այդ բեմականացված դատավարություններում: Ռուբեն Վարդանյանին վերագրում են այնպիսի ժամանահատվածի գործողություներ, երբ նա ֆիզիկապես չի գտնվել տվյալ տարածաշրջանում, չի ունեցել որևէ պաշտոն, որի ուժով կարող էր մասնակցություն ունենալ իրեն վերագրվող հանցագործություններին», - հավելեց նա:

Տուժողի իրավահաջորդ ներկայացած ադրբեջանցիներից մեկն ասել է, թե իր եղբայրը մահացել է Լաչինի շրջանում՝ հայկական զինված ուժերի հրետակոծության հետևանքով։ Գյունդուզ Գասիմով անունով մեկը նշել է, թե Քելբաջարի շրջանում է վիրավորվել հայկական ուժերի արձակած արկի պայթյունից։ Տուժող ներկայացած Սադիգ Ախմեդովն էլ իբրև Քելբաջարի վիրավորներից է: Պետական «Ազերթաջ»-ի հրապարակումներից պարզ չէ, թե երբ են տեղի ունեցել այս մարդկանց նկարագրած իրադարձությունները: Ամսաթվեր նշված չեն: Այս հաղորդումներն անկախ աղբյուրներից ճշտել հնարավոր չէ:

«Ադրբեջանը, կատարելով ագրեսիա, ըստ էության, իր ներպետական գործընթացներում հենց Հայաստանի իշխանություններին է մեղադրում ագրեսիայի գործողության, տարածքներ զավթելու և այնտեղ այսպես կոչված՝ «խամաճիկային վարչակազմ» ներդնելու համար», - նկատեց իրավապաշտպանը։

Բաքվի դատարանում հնչած պատմություններն արդեն իսկ հաստատում են, որ դրանք հորինվել են, որ վերագրեն Վարդանյանին, շեշտեց Սիրանուշ Սահակյանը: Ռուբեն Վարդանյանը Արցախ է տեղափոխվել ու պետնախարար նշանակվել 2022 թվականին, պաշտոնավարել է մոտ չորս ամիս: Նրա պաշտոնավարման օրոք որևէ պատերազմ ու հարձակում չի եղել, հավելեց Սահակյանը: 44-օրյա պատերազմից երկու տարի անց է Արցախ եկել, իսկ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ու հայաթափման ժամանակ արդեն պաշտոնյա չէր:

«Քանի որ ամբողջովին է կեղծված քրեական գործը, այստեղ մեծանում են սխալների հավանականությունները։ Եթե գոնե ճշմարտանման լինեին այդ արարքները, իշխանությունները ստիպված կլինեին ստեղծելու մի փոքր դրվագներ՝ ուժեղացնելու հիմնավորումներն առաջադրված մեղադրանքներում, բայց այս պարագայում մենք գործ ունենք անմեղ մարդկանց մեղադրանքների հետ», - նշեց նա։


Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ու մյուս հայ գերիները Բաքվի բանտում են շուրջ երկու տարի: Նրանց Բաքվի նշանակած հանրային պաշտպաններն են ներկայացնում, զրկված են անկախ փաստաբաններից, միջազգային անկախ մարմինների այցերից: Հայ գերիների ոտնահարված իրավունքների ու կեղծ մեղադրանքների մասին փաստաբանների ահազանգը չի դադարում: Միայն Ռուբեն Վարդանյանն ունի միջազգային փաստաբան, բայց ամերիկացի Ջարեդ Գենսերին էլ թույլ չեն տալիս Բաքու մտնել:

Կարմիր խաչը վերջին անգամ հայ գերիներին այցելել է հունիսին: Այս կառույցի միջոցով էին ընտանիքները կապ հաստատում հայ գերիների հետ, տեղեկություն ստանում կամ ծանրոց փոխանցում: Բաքուն հայտնել է միջազգային այս կառույցը փակելու մտադրության մասին: Այդպես հայ գերիները կհայտնվեն բացարձակ մեկուսացման մեջ, ահազանգում է միջազգային իրավունքի մասնագետը:

«Կան անմիջական իրական վտանգներ նաև այս անձանց կյանքին, քանի որ խոշտանգումների ծավալները այս իրողության պայմաններում կարող են պարզապես անվերահսկելի լինել՝ առաջացնելով արտակարգ հետևանքներ», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

Միջազգային կառույցների ներկայությունը սահմանափակող Բաքուն փորձում է ներպետական միջոցներով բացը լրացնել, իմիտացիա ստեղծել՝ ստեղծել են խոշտանգումների դեմ կոմիտե անունով մի կառույց ու ձևական այցերով փորձում են ցույց տալ, թե արդյունավետ աշխատում են, սակայն, ինչպես նշեց Սահակյանը, միջազգային հարթակներում չկա համոզմունք, որ Բաքվում խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ կարող է գործել:


Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ ադրբեջանական իշխանության նկատմամբ քաղաքական ճնշումը կարող է արդյունք տալ, իսկ այդ դեպքում պետք է Հայաստանի կառավարությունը գործի: Միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն ակնարկել էր, թե հուսադրող ուղերձներ կան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից: Գենսերը քննադատում է, որ Հայաստանի իշխանությունը հայ գերիներին ազատելու հարցում ջանքեր չի գործադրում:

«Մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է խրախուսի դրանում նախագահ Թրամփին, որպեսզի բոլոր գերիները ազատ արձակվեն։ Կարծում եմ, որ դա այն է, ինչ նա պետք է անի և՛ հրապարակավ, և՛ մասնավոր կերպով», - հայտարարել է Գենսերը։

Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում հրապարակային որևէ երկրի միջնորդության չի դիմել: Իշխանությունը վստահեցնում է, թե այդ ուղղությամբ հնարավոր դիվանագիտական քայլերն անում է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG