Մատչելիության հղումներ

Արաղչին եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Թեհրանի դեմ սպառնալիքները


Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոչ է արել եվրոպական երկրներին դադարեցնել Թեհրանի դեմ սպառնալիքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մասին նախազգուշացումները։

Իրանական դիվանագիտության ղեկավարը X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացրել է, որ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերներին, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ համատեղ հեռախոսազրույցում պնդել է՝ Եվրոպան «պետք է պատասխանատու գործի» և հրաժարվի «սպառնալիքի և ճնշման մաշված քաղաքականությունից»։

Արաղչիի խոսքով՝ Եվրամիությունը և եվրոպական եռյակը ՄԱԿ-ի պատժամիջոցները «վերականգնելու» «որևէ բարոյական կամ իրավական հիմք չունեն»։

Պատժամիջոցների վերականգնման հնարավորության մասին անցած օրերին խոսել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ եթե Թեհրանը չառաջարկի «ամուր, շոշափելի և ստուգելի պարտավորություն»։

Իրանի դեմ զենքի վաճառքի, բանկային գործունեության և միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ ՄԱԿ-ի երկարամյա սահմանափակումները ՄԱԿ-ը չեղարկել էր 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շրջանակում։

Եվրոպական կառավարություններն այժմ սպառնում են վերականգնել ցավոտ սահմանափակումները՝ այդ թվում պահանջելով Թեհրանից վերսկսել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը։ Գերատեսչության հետ կապերն Իրանի իշխանությունները խզել են անցած ամիս՝ Իրանի դեմ Իսրայելի հարձակումներից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG