Մատչելիության հղումներ

«Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու». Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրը ՀԷՑ-ում

Լրացված

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն իր առաջին իսկ աշխատանքային օրը՝ ընկերության գլխավոր մասնաշենք դեռ չմտած, արդեն հրահանգներ էր տալիս ու հայտարարում, թե ում է հեռացնելու աշխատանքից:

Առաջինը հնչեց ընկերության իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանի անունը, վերջին շաբաթներին հենց նա էր ՀԷՑ-ի անունից մեկնաբանություններ տալիս. - «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ես կարող եմ դա ձեզ ասել, որովհետև ՀԷՑ-ը այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»:

Պետական վերահսկողական ծառայությունից ՀԷՑ տեղափոխված Պետրոսյանն առանց անուններ տալու ասում է՝ ընկերության ղեկավար կազմից այլ անձինք էլ կհեռացվեն. - «Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում. կոնկրետ անձինք, ովքեր որ իրենց կառավարման շրջանում, իրենց ղեկավարման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի, շուրջ 1,1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»:

ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ ու էներգետիկ ոլորտում աշխատանքի փորձ չունեցող Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց նախորդ ուրբաթ՝ կարգավորող մարմնի նախագահի որոշմամբ: ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին իշխանությունները հայտարարեցին Եկեղեցուն պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ, հաշվված օրերի ընթացքում նրան պատկանող ընկերության կառավարումը ստանձնելու համար օրենք փոխեցին, ինչն էլ վարչապետի մերձավոր թիմակցի նշանակումը հնարավոր դարձրեց:

Ի՞նչ լիազորություններ ունի Պետրոսյանը, կարո՞ղ է միանձնյա որոշումներ կայացնել, աշխատակիցների հեռացնել կամ նշանակել: Ընդունված օրենսդրական փոփոխություններում ժամանակավոր կառավարչի հաստիքի ու պարտականությունների նկարագրություն չկար: ՔՊ-ական Պետրոսյանը իր նոր աշխատավայր էր եկել մի քանի այլ տղամարդկանց ուղեկցությամբ, միայն ասաց, թե իր թիմակիցներն են, որոնք էլ իր կողքին են լինելու. - «Իմ թիմակիցներն են, ովքեր որ պիտի ինձ ուղեկցեն էս գործընթացի ընթացքում, տարբեր մասնագետներ են»:

Կարգավորող հանձնաժողովը ժամանակավոր կառավարիչ է նշանակել ՀԷՑ-ում խախտումների վերաբերյալ Կառավարության գրության հիման վրա: Տեքստում անդրադարձ կա նաև ընկերության գնումների գործընթացին. գործադիրը պնդում է՝ փոխկապակցված ընկերություններից իրական արժեքից էապես բարձր գներով ապրանքներ են ձեռք բերել: Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է՝ ստուգումներ կանցկացնի. - «Վեր եմ հանելու բոլոր այն գործոնները, բոլոր այն օբյեկտիվ ծախսերը, ծախսումները, կապիտալիզացիան, ամորտիզացիան և մնացած բոլոր տնտեսագիտական տերմինոլոգիա, ինչպես կուզեք բնորոշեք, օբյեկտիվ իրականությունը ՀէՑ-ում, որի հիման վրա արդեն կարգավորող մարմինը, ՀԾԿՀ հանձնաժողովը որոշումները կկայացնի և կհրապարակի»:

Իշխանությունների այս քայլերից հետո նույնը կմնա՞ հոսանքի սակագինը: Ռոմանոս Պետրոսյանը երաշխիքներ չունի, հուսով է՝ օգնության կհասնեն գիտնականները. - «Գուցե երկու տարի հետո էնպիսի մի էներգետիկ ոլորտի գյուտ հայտնաբերենք կամ հայտնաբերի աշխարհը, որ սակագները կիսով չափ նվազեն: Չեմ կարող ես երաշխավորել, թե սակագինը ո՞ր ուղղությամբ կգնա, բայց կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ»:

Լրագրողների հետ զրույցից հետո Պետրոսյանը մտավ ընկերության գլխավոր գրասենյակ, դռան շեմին տված հրահանգը լրատվամիջոցներին էր վերաբերում. - «Լրատվականները ներս չեն մտնում, որովհետև ես աշխատանքային գործընթացի մեջ եմ»:

Րոպեներ անց դուրս եկավ Դավիթ Ղազինյանը, նա ուղիղ եթերով էր լսել Պետրոսյանին. - «Ինչ-որ հայտարարություն արեց՝ «եթե դիմումը չգրի, կազատեմ, և այլն, և այլն», խնդրեմ: Գիտե՞ ք ինչ, եթե մենք գնում ենք, էսպես, կներեք հազար անգամ ռուսերեն բառիս համար, բեսպրեդելի տարբերակով, իհարկե, ամեն ինչ կարող են: Փորձը ցույց ա տվել, որ կարող են»:

ՀԷՑ-ն ազգայնացնելու իշխանականների քայլերն ընդդիմությունը սեփականությունը խլելու փորձ է որակում և արդեն դիմել է Բարձր դատարան՝ հապճեպ ընդունված օրենքի սահմանադրականությունը պարզելու հարցով: Կարապետյանները հայտարարել են՝ պայքարելու են իրավական ճանապարհով, ու զգուշացրել Հայաստանի դեմ հնարավոր արբիտրաժային վարույթի մասին:

Ղազինյանը չի բացառում՝ աուդիտի ընթացքում խախտումներ գուցե գտնեն, ընդգծում է՝ չարաշահումների դեմ անձամբ է պայքարել. - «Որպես իրացման տնօրեն՝ անընդհատ բացահայտել եմ իմ աշխատակիցների հետ միասին չարաշահումներ: Կարող եք արդեն նոր կառավարչին դիմել՝ վերջին տասը տարվա ընթացքում ինչքան նյութական պատասխանատու է ազատվել աշխատանքից»:

Երեկոյան Դավիթ Ղազինյանն «Ազատությանը» հայտնեց՝ իրենց ներքին համակարգում արդեն հրապարակվել է իր ազատման հրամանը, կարծիք հայտնելով, թե այն կստորագրվի ժամերի ընթացքում:



XS
SM
MD
LG