Ավելի քան հինգ ամիս ԱՄՆ-ում կալանավորված «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը Հենդերսոնի մեկուսարանից կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ժողովրդին մասնակից չդարձնել իր «հանցագործությանը» և չտանել բախումների:
Հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսելով Կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու իր մտադրության մասին, Ֆեյսբուքում գրել էր. - «Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
«Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, լուծի դա դռների ետևում. դռները փակեք, իրար միս կերեք ինչքան ուզում եք: Բայց ո՞նց ես քո հանցագործությանը մասնակից դարձնում անմեղ ժողովրդին», - հայտարարում է Ղուկասյանը:
Փաշինյանին ուղղված կոչից բացի, ԱՄՆ միգրացիոն կարգը խախտելու պատճառով կալանավորված և Հայաստանում մի շարք հոդվածներով մեղադրվող Վարդան Ղուկասյանը նաև հորդորում է իր հետևորդներին չմիանալ վարչապետի մտադրությանը և չմասնակցել Էջմիածնի հրապարակում նրա հայտարարած «հոգևոր հավաքին»:
ԴՕԿ կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ Փաշինյանը ժողովրդին տանում է բախման. - «Ես համոզված եմ, որ որոշակի աղանդավորականներ, որոշակի թրքահպատակ, անհավատ, սատանիզմով տառապող անձինք կգան Էջմիածին, և դա բերելու է բախումների: Հորդորում եմ՝ սիրելի ժողովուրդ, զերծ մնացեք այդ [...] նախաձեռնած էդ հանցավոր միջոցառումից»:
Հայհոյախառն արտահայտություններով հայտնի Վարդան Ղուկասյանը, ներկայանալով որպես հավատացյալ, քաղաքացիներին հորդորում է Փաշինյանի հայտարարած նախաձեռնությանը միանալուց առաջ մտածել, թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եվ խոսքն այստեղ ոչ միայն բախումներից, այլև, նրա ձևակերպմամբ, «երկնային գրասենյակի անեծքից» խուսափելու մասին է: Ինչպես Ղուկասյանն է ասում՝ անգամ ինքը իրեն նման բան թույլ տալ չի կարող:
«Մտածեք ձեր ապագայի մասին, մտածեք ձեր սերունդների մասին, մտածեք՝ ինչ պատասխան եք դուք տալու վաղը ձեր զավակներին, և, վերջիվերջո, դուք հավատացյալ ժողովուրդ եք, եթե իրոք հավատացյալ եք, վախեցեք երկնային գրասենյակի՛ անեծքից: Չի կարելի գալ մտնել մի տարածք, որը որ հավիտյանս հավիտենից համարվում ա հավատացյալ ժողովրդի համար Աստծո ոտքը դրված վայր, իջել է Միածին՝ Էջմիածին, և պղծել հիմա ըտեղ, կներեք, անգամ ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ», - հայտարարում է ԴՕԿ կուսակցության առաջնորդը:
Վարդան Ղուկասյանը մեկուսարանից երեկ հրապարակած ձայնագրության մեջ նշում է, թե իր վերաբերմունքը Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ նույնպես բացասական է, քանի որ, նրա խոսքով, Հայաստանում աղանդավորների թվի ավելացումը հենց նրա մեղավորությունն է, բայց, միևնույն ժամանակ, ԴՕԿ կուսակցության ղեկավարը կարծում է, որ Փաշինյանն իր հարցերը Կաթողիկոսի հետ պարզելիս ժողովրդին պետք է հանգիստ թողնի, հիշեցնելով՝ անգամ Խորհրդային Միության տարիներին կոմունիստները ժողովրդին չտարան եկեղեցու դեմ:
Ի դեպ, Հենդերսոնի մեկուսարանից մի կոչ էլ «Դոգ» մականունով Վարադան Ղուկասյանն ուղղել է եկեղեցականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, հետևելով Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի օրինակին՝ հայտարարել, որ այսուհետ չեն մկրտելու, հարսանիքներ չեն օրհնելու, հոգեհանգստի արարողություններ չեն անելու, եթե դրանք վերաբերում են ՔՊ-ականներին:
Օրերս Սեբեոս քահանան արգելել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Գրիգորյանին կնքահայր դառնալ՝ հաշվի առնելով իշխանական պատգամավորի՝ Վեհափառի հասցեին հնչեցրած հայտարարությունները:
«Ոչ մի գործողությանը չպիտի մասնակցեք և չպիտի օրհնեք, հայտարարեք, մի անգամ գոնե մարդ եղեք, տղամարդ եղեք՝ պաշտպանեք եկեղեցին նման մարդկանցից», - հայտարարում է Ղուկասյանը:
Ղուկասյանի գործով լսումները Լաս Վեգասի դատարանում
ընթանում են փակ ռեժիմով, այժմ ակտիվ դատավարության փուլում են
Տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող ԴՕԿ կուսակցության ղեկավարը ԱՄՆ-ի Միգրացիոն վարչության կողմից ձերբակալվել էր այս տարվա փետրվարին։ Ըստ ամերիկյան կողմի՝ Վարդան Ղուկասյանը, մուտք գործելով Միացյալ Նահանգներ, նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:
Ամերիկյան դատարանն այս հարցին զուգահեռ նաև քննում է Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը: ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, սակայն նա մեղադրանքը չի ընդունում:
Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանի գործով լսումները Լաս Վեգասի դատարանում
ընթանում են փակ ռեժիմով, այժմ ակտիվ դատավարության փուլում են: Հերթական նիստը նշանակված է հուլիսի 27-ին: