Մատչելիության հղումներ

Հայկական կինոյի ներկան ու անցյալը՝ «Ոսկե ծիրան»-ում


«Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի փակումը, Երևան, 20-ը հուլիսի, 2025թ.
«Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի փակումը, Երևան, 20-ը հուլիսի, 2025թ.

Ի՞նչ համ ուներ հայկական կինոն։ Ոսկե ծիրանի կորիզն այս տարի էլ դառնաքաղցր խառնուրդ ստացվեց՝ պատերազմ, կորուստ, բաժանում ... բայց նաև հույսի և վերածննդի մասին էր:

Ոսկին՝ Գոռ Առուշանյանի «Մայրենիք»-ին, արծաթն էլ՝ Զաք Դեմիրճյանի անիմացիոն «Օձի ապուր»-ին։ Գլխավոր հերոսը երկու դեպքում էլ՝ պատերազմը։

Տասն էին այս տարվա հայկական կարճամետրաժ պատմությունները, որտեղ «թևավոր էին լարերը», «դեղին՝ Դորայի կոշիկները», խառը հերթականությամբ՝ զրույցներն ու երազները, կիսատ՝ մայրերի ու հայրերի հետ շփումները։

«Դու ինձ դեռ սիրում ես, այդպես չէ՞, հայրիկ»։ 23-ամյա Մարինա Սոլոյանը 15 րոպեում մի ընտանիքի պատմություն է տեղավորել. ումից նեղացավ հայրն ու գնաց, ինչու է լռում եղբայրը, տատն ու մայրը այդպես էլ լեզու չգտան ... հեծանիվն էլ անընդհատ փչանում է։

«Ես ընտրել եմ էն լոկացիաները, որտեղ որ անցել է իմ մանկությունը, ու քշում էի էն հեծանիվը, որը որ գնել է իմ հայրը: Այսինքն՝ էդ ամեն ինչը բերեց նրան, որ իմ ֆիլմը լինի անկեղծ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարինան:

Մարինա Սոլոյանը
Մարինա Սոլոյանը

«Ես շատ երիտասարդ եմ, և իմ սերնդակիցները պատերազմում զոհվեցին, իմ ընկերները: Եվ բնականաբար, այդ ցավը պիտի շարունակվեր մեր մեջ, այսինքն՝ աննկատ կողքով չէի կարողանում անցնել: Ու երբ որ եկավ ժամանակը, որ պիտի արդեն նկարահանեի ֆիլմը, ես մտածում էի՝ լավ, ինչի՞ մասին եմ ես հիմա խոսելու, երբ որ շուրջս էդ ամեն ինչը կատարվում է: Վերցրեցի պարզ մի աղջկա պատմություն, որը որ հեծանիվն առած՝ փնտրում է իր անհետացած պապային, որը, բնականաբար, ոչ պատերազմի ընթացքում է անհետացել, պարզապես դուրս է եկել ու ոչինչ չի ասել, ինքը պիտի փնտրի իր պապային», - նշեց Սոլոյանը:

Գունագեղ կտավ, որտեղ բնության և մարդու գույները խառնվում են, ու դժվար է ասել՝ արևագույն աղջի՞կը, թե՞ հենց բնությունն է պատմում՝ ինչ տեղի ունեցավ Երևանից հեռու այս գյուղում:

«Ոսկե ծիրան»-ի երևանյան պրեմիերան Լիլիթ Մովսիսյանի «Պայքարի» մասին էր։ Մի թեմա, որի շուրջ խոսելն անգամ վեճի է վերածվում. փողոցային շունը ի՞նչ պիտի անի. - «Պայքար էր սիրո ճիշտ դրսևորում գտնելու, որովհետև ամենասկզբում երբ սկսեցի նկարել, սկսեցի նկարել մի կնոջ, ով կերակրում էր դրսի կենդանիներին, բայց հետո որոշում կայացրեցի չնկարել ֆիլմը ու փրկել էդ կենդանիներին. կամ պիտի նկարեի իրենց մինչև վերջ, որովհետև իրենց մեկը կար, որ ուզում էր սպաներ, և այլն, ու էդ կնոջը ինչքան էին տանջում, ու էդ կնոջ տանջելու հիմքում էլ ընկած էր սերը»:

Լիլիթի պայքարի ընթացքում փողոցային շները որդեգրվեցին, բայց ֆիլմը լրիվ ուրիշ բանի մասին ստացվեց. - «Հոր ու աղջկա պատմությունն է, և էդ ամեն ինչը՝ շնամարտերի ֆոնին: Աղջիկը ուզում է բուժել շներին, հայրը շնամարտող է, էդպես»:

Լիլիթ Մովսիսյանը
Լիլիթ Մովսիսյանը

Տաբու թեմաներ կան, փակ ճանապարհներ կան, որոնք ճեղքելու համար մորուք պիտի ունենաս, կես կատակ, կես լուրջ ասում է Լիլիթն ու մի նախադասությամբ ամփոփում. - «Էդ ամեն ինչի հիմքում սերն է ու սիրո սխալ դրսևորումը»:

Եթե ոչ հենց այս դառնաքաղցր համը՝ սերը, ապա ինչի՞ մասին էր ամբողջ հայ կինոյի պատմությունը։ Հնարավոր լիներ վերադառնալ դեպի անցյալ, Համո Բեկնազարյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի ձեռքը բռնել ու այդ համի բաղադրատոմսը խնդրել. - «Թե ինչպես են այդ կինոռեժիսորները կարողացել ստեղծագործել այդ ռեպրեսիայի մեջ, թե ինչպես են նրանք կարողացել մնալ մարդ, կարողացել մնալ հայ: Եվ ինձ համար դա շատ կարևոր է»:

Արտամրցութային ծրագրում ներկայացվեց Ֆրանսիայում բնակվող հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները»։

Ընտանեկան հինգշաբթին կինոթատրոնի օր է, էկրանից այն կողմ գտնվողին ռեժիսորն իր վաղամեռիկ հոր՝ դերասան Վիգեն Ստեփանյանի հետ զրույցից պատառիկն է ներկայացնում: Սա էլ դառնում է մի ուրիշ կինո՝ խորհրդային Հայաստանի ժապավենների մեջ թաքնված։

Թամարա Ստեփանյանը
Թամարա Ստեփանյանը

«Սա զրույց է հայրիկիս և բայց ավելի եթե լայնացնեմ, այո, իմ պատմության հետ, իմ կինոյի հետ: Շատ հարցեր են գալիս, ու դու փորձում ես հասկանալ՝ ինչ եմ կորցրել, ինչ է եղել անցյալը, և այդ կորցրածի մեջ ինչ է մնում», - ասաց Թամարան:

«Նամուս», «Պեպո», «Նահապետ», «Եռանկյունի», «Ինչու է աղմկում գետը», «Կարոտ», «Կտոր մը երկինք», «Սարոյան եղբայրներ», «Մենավոր ընկուզենի», «Բարև, ես եմ», «Տղամարդիկ», «Նռան գույնը», «Առաջին սիրո երգը», «Աշնան արև», «Մենք ենք, մեր սարերը» ... կոտորած, բաժանում, արտագաղթ, պատերազմ, միացում, սեր, կռիվ ... 74 րոպեների մեջ ամփոփված հայ կինեմատոգրաֆիան ներկայացնող այս կինոպատման համաշխարհային պրեմիերան Բեռլինալեի Forum Special ծրագրում է ներկայացվել: Արի ու տես, որ հայկական թեման կարող է համամարդկային լինել:

«Բոլորս կորցրել ենք ինչ-որ մեկին, մենք ունենք պատմություն, իրենք ունեն պատմություն, կինեմատոգրաֆիա; Եվ իմ կարծիքով՝ ընդհանրանում է, էլի, էս ամեն ինչը: ... Եվ Բեռլինը որոշել է իրենց կայքում գրի բոլոր ֆիլմերի անունները, որ ես օգտագործել եմ, որ մարդիկ կարողանան գնան, գտնեն ինչ-որ ձևով», - ասաց Թամարան:

Խոնարհում մեծերին ու թիկունք երիտասարդներին ... «Ոսկե ծիրան»-ի 22 տարվա պատմությունը նաև հայ կինոարտադրողների այս ճանապարհի մասին էր։




XS
SM
MD
LG