Մատչելիության հղումներ

Քննադատության մեծ ալիքից հետո դատավորը վերանայեց իր որոշումը. Լիանա Հարությունյանի կալանքը փոխվեց


 Լիանա Հարությունյանը հուլիսի 11-ի դատական նիստի ժամանակ
Լիանա Հարությունյանը հուլիսի 11-ի դատական նիստի ժամանակ

Մեծ աղմուկից ու քննադատության ալիքից հետո երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվեց վարչական հսկողությամբ ու բացակայության արգելքով։

Երիտասարդ կինը, որը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանադակելու համար, պարտավորվեց շաբաթը մեկ ներկայանալ իր բնակության վայրին մոտ պրոբացիայի ծառայություն։ Դատարանը Հարությունյանին արգելեց նաև շփում ունենալ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ։

Անցած ուրբաթ կնոջ կալանքի որոշումը կայացրած Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանն այսօր պատճառաբանեց, թե իր այս նոր որոշման վրա ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ երիտասարդ կինն իր խնամքին երեք անչափահաս, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկ ունի։

Ասաց՝ մյուս էական հանգամանքն այն է, որ Հարությունյանն այսօրվա նիստի ընթացքում պատշաճ վարքագիծ է ցուցաբերել։ Շեշտեց՝ խափանման միջոցի նախորդ փոփոխությունը մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի հետևանք էր. Հարությունյանը երկու անգամ չէր ներկայացել դատական նիստերին։

8 ամսական երեխայի հետ բանտ, ապա հիվանդանոց տեղափոխված կնոջ կալանավորումը իրավապաշտպանների կոշտ քննադատությանն էր արժանացել, նրանք հայտարարում էին, որ դատավորը պետք է հաշվի առներ, որ երիտասարդ կինը իր խնամքին երեք անչափահաս երեխա ունի։

Այս դեպքին անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ ոչ թե կալանավորման, այլ այլ հարցի վրա ուշադրություն դարձնելով։ Մանասյանը քննադատել էր Հարությունյանի փաստաբանին 8 ամսական փոքրիկի դեմքը ուղիղ եթերներում ցուցադրելու համար։ Օմբուդսմենն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձավ այս հարցին։

«Բնականաբար, այս պարագայում մեր տեսանկյունից կարևոր դերակատարություն ունի այն հարցը, թե ընդհանրապես ինչ պատճառով է դատարանը նման որոշում կայացրել, թեպետ, անկեղծ պիտի լինեմ, նույնիսկ էդ դեպքում մենք հրապարակային չենք կարող որոշումը քննադատել, որովհետև, դարձյալ, արգելք ունենք սահմանված: Բայց, բնականաբար, մեր այլ գործիքակազմերը կիրառելով փորձելու ենք իրավունքների պաշտպանություն իրականացնել», - հայտարարեց Մանասյանը՝ շարունակելով. - «Եվ, բնականաբար, երբ չունենք որոշումը փաստացի մեր ձեռքի տակ, և որոշումը դեռևս հրապարակված չէ, իհարկե, մենք կալանքի հարցին չենք էլ կարող անդրադառնալ: Հետևաբար՝ այս պահի դրությամբ մենք խոսում ենք այն խնդիրների մասին, որոնց կարող ենք անդրադարձ կատարել»:

Լիանա Հարությունյանը չի ընդունում իր մեղադրանքը, հայտարարում է՝ անմեղ է։ Մինչդեռ Գլխավոր դատախազությունից պնդում են, թե երիտասարդ կինը անմիջական մասնակցություն է ունեցել Հնդկաստանի քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ և ԱՄՆ մեկնելու համար «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ձևականորեն ընդունվելու քննարկմանը։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը նպաստել է հանցավոր համաձայնության ձեռք բերմանը: Բայց թե կոնկրետ ինչպես է երիտասարդ կինը նպաստել, իրավապահների ձևակերպմամբ, հանցավոր համաձայնությանը, մեղադրանքում չի ներկայացվում.

«Դավիթ Մադոյանը Հնդկաստանի Հանրապետության նշված 11 քաղաքացիներին համալսարան ուսման ձևականորեն ընդունելու դիմաց շահադիտական նպատակով՝ յուրաքանչյուր դիմորդի համար իբրև մեկ տարվա ուսման վարձավճար, պահանջել և Գուրվինդեր Կումարից Լիանա Հարությունյանի ներկայությամբ 2023 թվականի հուլիսի 12-ին ստացել է 13.750 ԱՄՆ դոլար գումար, մեկ անձի հաշվարկով՝ 1.250 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ևս 350 ԱՄՆ դոլար՝ Գուրվինդեր Կումարին համալսարան ուսման ձևականորեն ընդունելու համար, որի կապակցությամբ թղթի կտորի վրա ձեռագիր կազմել և Լիանա Հարութունյանին հանձնել է գումարի ստացման հանգամանքը հաստատող օտարալեզու գրառում»:

Ընդ որում՝ գործող անցնող մյուս երեք քաղաքացիները, որոնց մեղադրանքները ավելի ծանր են, ազատության մեջ են։ Նրանք, ի դեպ, այսօր առարկեցին, որ լրատվամիջոցները տեսաձայնագրեն դատական նիստը։ Մինչդեռ Լիանա Հարությունյանը, որն այսօր առանց պաշտպան էր մնացել, դեմ չէր լրատվամիջոցների լուսաբանմանը։ Դատավորը նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանի բացակայությունը այսօրվա նիստին անհարգելի համարեց ու սանկցիա կիրառեց՝ նրան հեռացնելով դատական վարույթից։ Մինչ այդ Փոստանջյանի նկատմամբ դարձյալ սանկցիաներ էին կիրառվել։ Լիանա Հարությունյանը մինչ հերթական նիստի անցկացումը՝ սեպտեմբերի 9-ը պետք է նոր փաստաբան ներգրավի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG