Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ցույցեր հակակոռուպցիոն գործակալությունների անկախությունը սահմանափակող օրենքի դեմ


Ուկրաինա - Վիճահարույց օրինագծի դեմ բողոքի ցույց Կիևում, 22-ը հուլիսի, 2025թ.
Ուկրաինա - Վիճահարույց օրինագծի դեմ բողոքի ցույց Կիևում, 22-ը հուլիսի, 2025թ.

Հակակոռուպցիոն երկու կարևորագույն գործակալությունների անկախությունը սահմանափակող օրինագծի ստորագրումից հետո Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել:

Կիևում հարյուրավոր ուկրաինացիներ օրինագիծը ստորագրած նախագահ Զելենսկուց պահանջել են վետո դնել դրա վրա: Ցուցարարները պնդում են, որ այն ընդունվել է հապճեպ և կառավարությանը հնարավորություն կտա միջամտել այս գործակալությունների աշխատանքին, հատկապես աղմկահարույց կոռուպցիոն գործերի դեպքում: Օրենքի դեմ բողոքի ակցիաներ են եղել նաև Դնեպրում և այլ քաղաքներում:

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը սահմանափակող օրինագիծը մինչ այդ Գերագույն Ռադայի հավանությանն էր արժանացել. 450 պատգամավորներից դրա օգտին էին քվեարկել 263-ը:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացումից հետո երկիրը հակակոռուպցիոն արևմտյան չափանիշներին մոտեցնելու բարեփոխումների շրջանակում ստեղծված գերատեսչությունները փաստացի այս փոփոխություններով արդեն կենթարկվեն գլխավոր դատախազին:

Անցյալ շաբաթ իրավապահները խուզարկել էին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն, ինչից հետո կառույցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին մեղադրանք էր առաջադրվել դավաճանության և Ռուսաստանի հետ համագործակցելու համար:

Երեկ Կիևում բողոքի դուրս եկած Վլադիսլավա Կիրստյուկն ասում է՝ լավ գիտի, թե ինչ է լինում, երբ իշխանությունը գտնվում է մեկ մարդու ձեռքին. - «Գիտեմ, թե ինչ է նշանակում … երբ ոչինչ թափանցիկ չէ, և ամեն ինչ քո դեմ է աշխատում։ Ահա թե ինչու է դա ցավոտ, ես չեմ ուզում, որ մեր դեպքում էլ նույնը լինի»:

Սվիտլանա Լևչենկոն էլ ասում է՝ զգացողություն է, թե 2014 թվականն է, երբ տեղի էին ունենում Մայդանի բողոքի ցույցերը: Նրա խոսքով՝ պատերազմի ֆոնին նման խնդրի համար բողոքելով տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց էներգիան սխալ ուղղությամբ է ծախսվում, սակայն չեն կարող աչք փակել այս օրենքի վրա, պետք է պայքարեն:

«Սա մեծ խնդիր է: Հիմա, երբ շատ աղմուկ կա, թվում է, թե կարելի է ընդունել որոշ փոփոխություններ, որոնք ոչ ոք չի նկատի։ Եվ նույնիսկ եթե նկատեն, մարդիկ այդքան էներգիա չեն ունենա երկու ճակատով պայքարելու համար … Բայց այս փոփոխությունները հնարավոր չէ հանդուրժել», - նշում է Լևչենկոն:

Գերագույն Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Իննա Սովսուն օրինագիծը «ցնցող» է անվանել: Մեկ այլ ընդդիմադիր Յարոսլավ Յուրչիշինն էլ ասել է, որ այն վերջնականապես կոչնչացնի այս կառույցների անկախությունը։

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոն, իր հերթին, ասել է, որ երկու մարմիններն էլ լիովին կախվածության մեջ են ընկնում:

Եվրոպացի դաշնակիցները ևս քննադատել են Կիևին այս օրենքի ընդունման համար: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն ասել է, որ այս որոշումը «լուրջ հետքայլ է» երկրի բռնած ժողովրդավարական ուղուց։ «Մենք կշարունակենք աշխատել Ուկրաինայի հետ՝ օրենքի գերակայության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին առաջընթացի ուղղությամբ», - սոցցանցում գրել է նա։

Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Ադադն էլ հայտարարել է, որ դեռ ուշ չէ չեղարկել փոփոխությունները: «Մենք չափազանց հետևողական կլինենք այս հարցում», - սոցցանցում գրել է նա։

Եվրախորհրդարանի անդամները ևս մտահոգություն են հայտնել: Գերմանացի պատգամավոր Նիկլաս Հերբստն ասել է, թե շատ տարօրինակ է, որ օրինագիծն արագ հաստատվել է հանձնաժողովի, ապա՝ խորհրդարանի մակարդակով, իսկ նախագահն այն ստորագրել է նույն օրը:

«Մենք Ուկրաինայի մեծ կողմնակիցներն ենք։ Ուզում ենք պայքարել և դիմակայել Ուկրաինայի կոռումպացված լինելու մասին ռուսական քարոզչությանը, քանզի կարծում ենք, որ դա անհեթեթություն է։ Բայց նաև կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները պետք է անկախ լինեն», - հայտարարել է Հերբստը:

Շվեդիայից եվրապատգամավոր Յոնաս Սյոստեդտի խոսքով էլ սա մտահոգիչ է, քանզի Ուկրաինան ստանձնել է պարտավորություններ, որոնք չկատարելու դեպքում հետևանքներ կլինեն:

Այս ֆոնին Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում՝ ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի այս մարմինները կշարունակեն գործել, սակայն պետք է մաքրվեն ռուսական ազդեցության գործակալներից:

«Կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը կգործի, միայն թե առանց ռուսական ազդեցության, այն պետք է մաքրվի դրանից։ Եվ պետք է ավելի շատ արդարադատություն լինի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Այսօր արդեն Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է երկրի իրավապահ և կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր գործակալությունների ղեկավարների, ինչպես նաև գլխավոր դատախազի հետ ու քննարկել անհրաժեշտ վարչական և օրենսդրական որոշումները, որոնք կամրապնդեն յուրաքանչյուր հաստատության աշխատանքը, կլուծեն առկա հակասությունները և կվերացնեն սպառնալիքները։

Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ աշխատանքային հանդիպում։ Իսկ երկու շաբաթից պետք է պատրաստ լինի համատեղ ծրագիրը, որը կնախանշի քայլերը, որոնք անհրաժեշտ են արդարադատությունն ապահովելու և ուկրաինական հասարակության շահերը պաշտպանելու համար:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ունի մեկ ընդհանուր թշնամի՝ «ռուս օկուպանտները», և պետության պաշտպանությունը պահանջում է բավականաչափ ուժեղ իրավապահ և հակակոռուպցիոն համակարգ, որն իրական արդարադատություն կապահովի: Ապա խոստացել է երկու շաբաթից ունենալ համատեղ ծրագիր, որը կնախանշի արդարադատությունն ապահովելու և ուկրաինական հասարակության շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլերը:

«Մենք լսում ենք, թե ինչ է ասում հասարակությունը։ Տեսնում, թե ինչ են մարդիկ ակնկալում պետական հաստատություններից՝ արդարադատության ապահովում և յուրաքանչյուր հաստատության արդյունավետ գործունեություն», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկիի հետ հանդիպումը կարծես համոզիչ չի եղել. քննարկումից հետո այդ գործակալությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վերականգնել իրենց անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG