Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում այս տարի 3 հազար հեկտարով ավելի հացահատիկ է ցանվել, քան 2024-ին


Մկների պատճառով գուսանագյուղցիներից շատերը անցած աշնանը ցորեն ու գարի չէին ցանել, որ բերքը կրծողների բաժին չդառնար, իրենց ներդրումներն էլ ջուրը չլցվեին: Գյուղի արտերի կեսը գյուղացիներն անմշակ էին թողել, ասում է վարչական ղեկավար Արսեն Հարությունյանը:

«Գյուղում 950 հեկտար վարելահող ունենք, մշակվում էր մոտ 500 հեկտարը՝ 120 հեկտար՝ ցորենը, 350 հեկտար էլ՝ գարին: Անցած տարիների մկների պատճառով ցորեն քիչ ցանվեց՝ գյուղացիք վախենալով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Այդ նույն դաշտերում ենք, որտեղ անցած տարի մկներն էին վխտում: «Ազատության» անդրադարձից հետո էկոնոմկիայի նախարարը Գուսանագյուղ հասավ՝ աչքով տեսավ, ու թունաքիմիկատների ծավալն ավելացրին: Գարնանն արդեն այս նույն դաշտերում մկներ այլևս չկան: Գուսանագյուղցիների սրտները տեղն ընկավ ու սկսեցին գարնանացան անել:

«Գարունը բացվավ, տեսան, որ մուկ չկա դաշտերում արդեն, մարդիկ գարի ցանեցին», - նշեց վարչական ղեկավարը:

Կոմբայնավար Արտուշ Սարգսյանը հատ-հատ գիտի, թե որ տարին որքան բերք են հավաքում: Այս տարի, ասում է, անջրդի հողատարածքներից լավ բերք տուն կտանեն. - «Հերու մկները սաղ կերան, դրա համար վաբշե բերք չենք ունեցե, էս տարի մուկ չկա՝ բերքը շատ լավ է»:

Համլետ Հարությունյանի ցանքատարածություններին անցած տարի կրծողները մեծ վնասներ էին հասցրել: Ասում է՝ թունաքիմիկատներով պայքարել է մկների դեմ, բայց անզոր է եղել: Կարծում է՝ մկների վերացումը թունաքիմիկատներով պայմանավորված չէ. - «Միանգամից մկները վերացան, ոչ թե մեր դրած դեղերից, այլ երևի համաճարակից, այլապես դեղերով չէին վերանա: Ամբողջապես վերացել են, համարյա չկան»:

Ու քանի որ մկներն այլևս չկան ու բերքին վնաս չեն տա, գյուղացիները պատրաստվում են աշնանացանին: Պետական սուբսիդավորման ծրագրով սերմացուի են սպասում: Համլետ Հարությունյանն ասում է՝ եթե գարնանացանի նման սերմն ուշանա, ապա կրկին լավ բերք չի ստանա:

Հացահատիկի մշակման համար գլխավոր գործոնը գինն է: Գյուղացիների հաշվարկով հացահատիկի մշակումը թանկ է նստում իրենց վրա:

Շիրակի մարզում այս տարի շուրջ 38 հազար հեկտար հացահատիկ է ցանվել՝ 3 հազար հեկտարով ավելի, քան անցած տարի: Այդուհանդերձ, Հայաստանը հացահատիկի առումով ինքնաբավ չէ, այստեղ սպառվող ցորենի գերակշիռ մասը ներմուծվում է Ռուսաստանից: Մասնագետները պարենային անվտանգությունը լրջագույն խնդիր են համարում Հայաստանում, սակայն վերջին տարիներին հացահատիկի մշակման ծավալը էականորեն չի ավելացել: Անցած տարվանից Կառավարությունը կրկին փոփոխեց ու ավելացրեց նաև աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը՝ փորձելով լրացնել հացահատիկի պակասորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG