Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական զորքերը դուրս եկան Սուեյդայից


Սիրիա - Կառավարական զորքերը Սուեյդայում, 15-ը հուլիսի, 2025թ.
Սիրիա - Կառավարական զորքերը Սուեյդայում, 15-ը հուլիսի, 2025թ.

Սիրիայի կառավարական զորքերն անցած գիշեր լքեցին Դամասկոսից մոտ 80 կիլոմետր հարավ գտնվող Սուեյդա քաղաքը։ Ժամանակավոր կառավարությանը հավատարիմ ուժերը քաղաքը լքեցին տեղի դրուզ համայնքի ներկայացուցիչների հետ մարտերում կրած ծանր կորուստներից և Իսրայելի կողմից Դամասկոսին հասցված հարվածներից հետո:

Առնվազն հինգ մարդու կյանք խլած իսրայելական հարվածների թիրախում էին Սիրիայի պաշտպանության նախարարության շենքն ու նախագահական պալատը։ Օրը ցերեկով իրականացված հրթիռակոծությունները հայտնվեցին Սիրիայի պետական հեռուստատեսության և համաարաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Իսրայելը, որն իրեն Մերձավոր Արևելքում բնակվող դրուզ փոքրամասնության գլխավոր պաշտպան է հռչակել, Սիրիայի դեմ հարձակմանը դիմեց Սուեյդայում շաբաթասկզբին բռնկված ռազմական գործողություններին ի պատասխան։ Հուլիսի 14-ին Դամասկոսից հարավ բնակվող դրուզների և բեդվինների միջև ծագած բախումներին արագորեն միջամտել էին կառավարական ուժերը՝ ընդդեմ դրուզների։ Երեքշաբթի օրը տեղեկություններ ի հայտ եկան դրուզ խաղաղ բնակչության դեմ կառավարական ուժերի կողմից կիրառվող բռնությունների և նվաստացումների մասին։

Համացանցում, օրինակ, մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես են կառավարական ուժերի մարտիկները հարկադրաբար սափրում Սուեյդայի շեյխերից մեկի՝ 80-ամյա Մարհեջ Շահինի բեղերը։ Ըստ դրուզների ավանդույթի՝ այդ համայնքը ներկայացնող ցանկացած չափահաս տղամարդու համար բեղեր կրելը պարտադիր է։ Իսրայելական Jersualem Post-ի պնդմամբ էլ՝ այս նվաստացման հաջորդ օրը դրուզ շեյխը մահացել է, մահվան պատճառները չեն հստակեցվում։

Այս ամենի ֆոնին պատահական չէր, որ սահմանի իսրայելական կողմում՝ Գոլանի բարձունքներում բնակվող հարյուրավոր դրուզներ երեկ տապալեցին սահմանային ցանկապատն ու անցան Սիրիա՝ իրենց հավատակիցներին աջակցելու նպատակով։ Իսրայելական բանակի զինծառայողները նրանց չէին խոչընդոտում։

Դրուզների համառ դիմադրության և իսրայելական հարվածների ֆոնին Սիրիայի անցումային կառավարությանն այլ բան չէր մնում, քան՝ նահանջել։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի խոսքով՝ այսուհետ Սուեյդայում կարգուկանոնին կհետևեն տեղական ուժերն ու ոստիկանությունը։

«Կայունության պահպանմանն ուղղված պետության ջանքերը հաջողություն են արձանագրում։ Միացյալ Նահանգների, Թուրքիայի և արաբական պետությունների միջամտության և նրանց կողմից ձեռնարկված միջնորդական քայլերի շնորհիվ մեզ հաջողվել է փրկել տարածաշրջանը անորոշությունից», - նշում էր Ալ-Շարաան։

Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարը երեկ ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում նաև պնդում էր, թե դրուզների իրավունքների պաշտպանությունն իր իշխանության առաջնահերթությունն է։

«Ես դիմում եմ դրուզներին, որոնք այս ազգի անբաժանելի մասն են։ Վստահեցնում եմ՝ ձեր իրավունքների և ազատության պաշտպանությունը մեր առաջնահերթություններից մեկն է։ Մենք մերժում ենք ցանկացած քայլ, որի նպատակը Սիրիայի պառակտումն է կամ էլ ձեզ որևէ արտաքին խաղացողի կողմը գրավելը», - նշում էր Սիրիայի ղեկավարը։

Դամասկոսի մերձակայքում ծավալվող իրադարձություններին համակ ուշադրությամբ են հետևում Սիրիայի հյուսիսային՝ քրդաբնակ շրջաններում։ Օրերս կենտրոնական իշխանությունների և քրդական ինքնավարության ներկայացուցիչների միջև կայացած անարդյունք բանակցություններից հետո այստեղ մտավախություն ունեն, որ դրուզներից հետո հերթը կարող է իրենց հասնել։

Իսրայելական YnetNews պաբերականը զրուցել է սիրիացի քրդերով բնակեցված Ղամիշլի քաղաքի բնակիչների հետ՝ փորձելով պարզել՝ արդյոք նրանք հույս ունեն, որ կառավարական ուժերի հնարավոր հարձակման դեպքում Իսրայելն իրենց օգնության կհասնի այնպես, ինչպես դա արեց դրուզների դեպքում։ Քրդերը նման հույսեր չունեն, ոմանք նույնիսկ վստահ են, որ Դամասկոսին հասցված իսրայելական հարվածները ոչ այնքան գործնական, որքան ցուցադրական բնույթ ունեին։

«Սիրիայում ոմանք նույնիսկ պնդում են, որ Ալ-Շարաան Սուեյդայի վրա հարձակման կանաչ լույսը ստացել է հենց Իսրայելից», - թերթի հետ զրույցում պնդել է սիրիացի քրդերից մեկը՝ հավելելով. - «Առանց Իսրայելի թույլտվության նա նման ռիկսի չէր գնա։ Ավելին՝ ասում են, որ նա այդ թույլտվությունը ստացել է Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում»։


XS
SM
MD
LG