Մատչելիության հղումներ

Սրբուհի Գալյանը Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստ է հրավիրել. ի՞նչ են քննարկել


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ հունվարին խոստացել էր թափ հաղորդել նոր Սահմանադրության մշակման գործին, պաշտոնավարման 9 ամսվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստն է հրավիրել:

Նախարարը այս նիստից համր մի կարճ տեսանյութ է հրապարակել ու լուսանկարներ: Լրագրողների համար այն փակ է եղել: Նախկինում ուղիղ հեռարձակվում էր, այս անգամ դա էլ չկար: Արդյոք քննարկվե՞լ է գլխավոր՝ Սահմանադրության նախաբանից Հայաստանի Անկախության հռչակագիրը հանելու հարցը: Անդամներից Էդմոն Մարուքյանն «Ազատությանը» փոխանցեց, թե այս հարցին դեռ չեն հասել:

Բաքուն է պահանջում, որ Հայաստանի մայր օրենքից հանվի Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությյունում հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չկան, Բաքվին չեն համոզում. - «Եթե կենտրոնանաք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը 0 է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին: Այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է՝ բարձրաձայնում ենք»:

Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր նախապայմանն է:

Նիկոլ Փաշինյանն անցած տարեսկզբին այլաբանորեն էր բացատրել, որ Անկախության հռչակագրին հղումը վտանգավոր է Հայաստանի համար, վերջերս ուղիղ ասաց դիրքորոշումը. - «Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»:

Արդարադատության նախարարն ասել է, որ Անկախության հռչակագրի հղման հարցը կորոշի խորհուրդը՝ իր քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամներից հղումը հանելուն դեմ են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը, քաղհասարակության երկու անդամ՝ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը: Հանձնաժողովի մյուս անդամները դեռ հրապարակավ կարծիք չեն հայտնել:

Երեկվա նիստում քննարկել են խորհրդարանում կայուն մեծամասնության հարցը: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ նախարար Գալյանն է օրակարգ բերել: Գործող Սահմանադրությամբ, որը փոխվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, կայուն մեծամասնություն պետք է լինի Ազգային ժողովում: Հարցը քննարկել են, բայց քվեարկություն չի եղել:

«Բոլոր փոփոխությունները, որ առաջարկվում էին, հստակ դրական փոփոխություններ էին, ժողովրդավարության փոփոխություններ էին, խորհրդարանի դերի բարձրացման փոփոխություններ էին, խորհրդարանում ընդդիմության դերի բարձրացման փոփոխությունների էին, բայց Վլադիմիր Վարդանյանի ու ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանի տորպեդահարման արդյունքում դրանք չընդունվեցինք», - ասաց Իոաննիսյանը:

Վարչապետը մեկ տարի առաջ հանձնարարել էր, որ Սահմանադրության նախագիծը մինչեւ 2026-ի դեկտեմբերը ավարտեն: Գալյանն էլ ձմռանը հայտարարեց, թե Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչեւ ընտրություններ: Փաշինյանը չորս ամիս առաջ չբացառեց, որ հանրաքվեն ավելի շուտ անեն՝ 2026-ի ընտրությունների հետ:

«Բայց նաև իրենք կարող է այս խորհուրդը լուծարեն, օրինակ, տեքստը գրեն, բերեն պառլամենտ ու բերեն դնեն հանրաքվեի», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Թե՛ Մարությանը, թե՛ Դանիել Իոաննիսյանը բացառում են, նախագիծը պատրաստ լինի մինչև ընտրություններ:

Հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ: Էդմոն Մարուքյանն ասաց՝ երբ քննարկեն նոր Սահմանադրության գլխավոր հարցը՝ անկախության հռչակագրի ճակատագիրը, ուղիղ հեռարձակում կպահանջի:


XS
SM
MD
LG