Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանին «պետք է ենթարկել քրեական հետապնդման». դիմում գլխավոր դատախազին


Վարչապետ Փաշինյանին պետք է դատել առնվազն 4 հոդվածով, այս պահանջով դիմումը գլխավոր դատախազին է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ այս բռնաճնշումները՝ և՛ հոգեբանական, և՛ մյուս տեսակի, ցույց են տալիս, որ դա կառավարում է Նիկոլ Փաշինյանը: Ինքը չի էլ թաքցնում, ասում է, որ ես եմ սա առաջնորդում, և մենք զուգահեռ տեսնում ենք, որ քրեական գործերը, դատական որոշումներն, այդ թվում՝ անձանց կալանավորելու մասին, միաժամանակ սկսվում են իրագործվել: Օրինակ՝ նա ֆեյսբուքյան իր էջից խոսում է ինչ-որ մի գործողության մասին, քննիչներն այդ գործողությունը կատարում են, դատարանը կատարում է», - ասաց Արա Զոհրաբյանը:

Սահմանադրական կարգի տապալում, ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացման խոչընդոտում, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահում՝ Քրեական օրենսգրքի այս հոդվածներն է նշել փաստաբանն իր առաջնորդած «Զարթոնք» կուսակցության անունից դատախազություն ուղարկած հանցագործության մասին հաղորդման մեջ:

«Ակնհայտ է, որ այս մեկ անձը՝ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքում կենտրոնացրել է 3 իշխանությունների լծակները, և փաստացի, իմ կարծիքով, դադարեցվել է Սահմանադրության 4-րդ հոդվածի գործողությունը, այսինքն՝ չկա օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը, չկա այդպիսի բան», - նշեց նա:

Զոհրաբյանի հաղորդումը երկու մասից է բաղկացած: Առաջինում պնդում է, որ Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը, որտեղ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները տարանջատված են, բայց վարչապետն ուղիղ ազդեցություն է գործում նրանց վրա, վարչապետական աթոռից հրահանգում քրեական հետապնդումներ սկսել իր ընդդիմախոսների հանդեպ:

«Երբ Միքայել սրբազանին եկել էին ձերբակալելու, մենք մինչև Միքայել սրբազանի հետ հասանք Քննչական կոմիտե Էջմիածին քաղաքից, Նիկոլ Փաշինյանը մի քանի այդպիսի ստատուս գրեց, այդ թվում՝ ինչո՞ւ է թաքնվել իրավապահներից, ծաղրական բաներ էր գրում, որ պետք է օրինակ՝ Վեհափառին հղում անելով՝ միջնորդի, որ կալանքը կրճատվի, այսինքն՝ ցույց տալով, որ կալանավորման հարցն արդեն լուծված է», - ասաց փաստաբանը:

Երկրորդում նշվում է, որ վարչապետն իր թիմով ճնշում է գործադրում եկեղեցու նկատմամբ ու կաթողիկոսին գահընկեց անելու իր արշավով միջամտում է Հայ Առաքելական եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին. «Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվում է ցկյանս, նրան ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը: Սա նշանակում է, որ ո՛չ վարչապետը, ո՛չ կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ որևիցե մեկը, ո՛չ Թուրքիան ու Ադրբեջանն իրավունք չունեն Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխել»:

Վարչապետն ու իր թիմը բազմիցս են հայտարարել՝ իրավապահների գործերին չեն միջամտում: Ինչ վերաբերում է կաթողիկոսի ու այլ հոգևորականների դեմ պայքարին, Փաշինյանն ասում է, որ ինքն այս դեպքում հանդես է գալիս որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ու իր նպատակն է Մայր Աթոռն ազատել կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներից:

Վարչապետի խոսնակն այսօր չարձագանքեց այս մեղադրանքներին՝ հորդորելով սպասել իրավական գործընթացի ավարտին:

Մինչ այդ Զոհրաբյանն իր դիմումում տասնյակ օրինակներ է բերել Փաշինյանի վերջին գրառումներից ու ելույթներից եկեղեցականների, ընդդիմադիրների, ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Օրինակ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի մեղադրանքից հետո հենց կառավարության նիստում վարչապետը, չսպասելով դատարանի որոշմանը, հայտարարել էր, թե բացահայտվել է Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապարաստվող հանցագործություն, ու բացահայտողներին էլ պետք է պարգևատրել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված դիմումում Զոհրաբյանը կցել է նաև վերջերս միայն իշխող ուժի ձայներով ընդունված Ազգային ժողովի հայտարարությունը, որով, նրա խոսքով, իշխանականները, առաջ ընկնելով դատարաններից, խախտելով անմեղության կանխավարկածը, դատապարտում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին վերագրվող արարքը, այն որակում ահաբեկչության փորձ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այդ օրը հայտարարել էր. «Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների»:

Ինչ ընթացք կտա Գլխավոր դատախազությունն այս հաղորդմանը՝ կառույցից առայժմ չեն արձագանքել «Ազատությանը»:

Օրենքով կա՛մ կմերժի գործ հարուցել, կա՛մ կհարուցի ու կուղարկի Հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ կտա վերջնական գնահատականը՝ վարչապետը օրենք խախտե՞լ է, թե՝ ոչ:

XS
SM
MD
LG