Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային շենքերի բնակիչները շարունակում են պահանջել տարհանել իրենց, այսօր նրանք բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության դիմաց՝ ահազանգելով՝ 68ա ու 66/1 հասցեի բազմաբնակարանները կարող են փլուզվել ամեն րոպե։ 4-րդ՝ ամենաբարձր վթարայնության շենքերի բնակիչներն ակնկալում են, որ կառավարությունը հարցին լուծում կտա և իրենց բնակարաններով կապահովի։
Այս շենքերում 180 ընտանիք է ապրում, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ։
Կառավարության նիստին զուգահեռ նրանք այսօր ավելի քան 30 րոպե փակել էին Տիգրան Մեծ փողոցը, ավելի ուշ բացեցին՝ պահանջելով, որ կառավարությունից արձագանքեն իրենց խնդրին։ Նրանք հերթական դիմումն են ներկայացրել գործադիր։
«Մենք խոսել ենք։ Նորից դիմում ենք տվել։ Հիմա մենք ճանապարհը բացում ենք մեկ պայմանով, իրենք մեզ խոստացել են, կոնկրետ ինձ խոստացել են, այսօր կամ ամենուշը՝ վաղը իրանք ինձ հետ կապի դուրս կգան, ես դուրս կգամ մեր ժողովրդին կհայտնեմ այդ ամեն ինչը, ու եթե հարցը մեզ չգոհացրեց, հարցերի պատասխանները մեզ չգոհացրեց, լուծում չտրվեց, մենք էլի՝ երկուշաբթի էստեղ ենք», - «Ազատությանն» ասաց բնակիչներից Լիաննա Հարությունյան։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետը հայտարարել էր, որ շենքերի հարցը լուծելու համար անհրաժեշտ է մինչ 3.8 միլիարդ դրամ, որը քաղաքային բյուջեն չի կարող փակել, կառավարությունը պետք է այդ գումարը գտնի: