Ինչո՞ւ է Քննչականն արդեն 9 օր իր մոտ պահում անձեռնմխելիությամբ օժտված ընդդիմադիր պատգամավորի հեռախոսը, ի՞նչ են փնտրում այնտեղ՝ Գեղամ Մանուկյանին պաշտոնական որևէ տեղեկատվություն չեն տվել: Նա էլ ստիպված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին:
Անցած շաբաթ իրավապահները խուզարկել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին պատկանող բնակարանը, ձերբակալել որդուն՝ Տարոնին: Տղան այդ բնակարանում է ապրում, ԱԱԾ-ն էլ նրա հետևից էր տուն մտել ահաբեկչության նախապատրաստության հոդվածով, բերման ենթարկել, պահել երեք օր, հետո ազատ արձակել՝ առանց որևէ մեղադրանքի: Տան այլ իրերի հետ միասին առգրավել էին նաև պատգամավորի հեռախոսը, ընդ որում, ըստ Մանուկյանի, այն ուժով էին խլել:
«Նույն օրն էր, քննիչին պատահաբար տեսա Քննչականի դիմաց, ասաց՝ վաղը զանգեք, կփոխանցենք, հետո զանգերը մնացին անպատասխան, Քննչականի պետին եմ զանգել, ներկայացել եմ, քարտուղարուհին է պատասխանել, որևէ արձագանք չկա», - ասաց Մանուկյանը:
Մինչ զայրացած պատգամավորը սպասում է պաշտոնական պատասխանի, Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին՝ հենց ահաբեկչության նախապատրաստության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում են առգրավել պատգամավորի հեռախոսը, այդ բնակարանը խուզարկելու որոշում են ունեցել:
Խոսնակ Կիմա Ավդալյանի խոսքով, զննում են. - «Հեռախոսն առգրավվել է քրեական վարույթի շրջանակներում, կատարվում են համապատասխան քննչական գործողություններ, զննությունն ավարտվելուց հետո կվերադարձվի»:
Գեղամ Մանուկյանը, սակայն, այս գործով որևէ կարգավիճակ չունի՝ ո՛չ վկա է, ո՛չ մեղադրյալ: Առհասարակ, որպեսզի իրավապահները գործ ունենան պատգամավորի հետ, գլխավոր դատախազը պետք է դիմի խորհրդարան, թույլտվություն ստանա նրան զրկելու անձեռնմխելիությունից: Նման բան տեղի չի ունեցել, հետևաբար որևէ քննիչ իրավունք չուներ առգրավելու ու օրեր շարունակ զննելու պատգամավորի հեռախոսը, այս մասին Մանուկյանը նաև գլխավոր դատախազին է գրել: Հանցագործության մասին հաղորդման մեջ ընդդիմադիր պատգամավորը Աննա Վարդապետյանից պահանջում է միջոցներ ձեռնարկել հեռախոսը վերադարձնելու ու օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Կարող էին մտնել տուն խուզարկելու, ես դուրս գայի, գայի Ազգային ժողով կամ որևէ այլ տեղ, որովհետև իրենք խուզարկում էին Տարոնի տունը», - ասաց նա:
Պատգամավորն ընդգծում է՝ խուզարկված բնակարանն իր ու կնոջ սեփականությունն է, բայց որդին է այնտեղ բնակվում: Իրավապահները խուզարկության մասին որոշման մեջ այդպես էլ նշել են՝ խուզարկում են Տարոն Մանուկյանի փաստացի բնակության վայրը, բայց ոչ մի տող պատգամավորին պատկանող տան ու իրերի խուզարկության ու առգրավման մասին: Ըստ Մանուկյանի, ստացվում է, որ փաստացի խուզարկել են պատգամավորի բնակարանը, տարել նրա անձնական իրերը, ինչի իրավունքը չունեին:
«Բոլորը կանգնելու են դատարանի առաջ, այլևս այն սահմաններն են անցել՝ իրավունքի, ժողովրդավարության, բերանս էլ չի պտտվում ժողովրդավարություն ասեմ: Բոլոր օրենքներն այնպես են ոտնատակ տվել, որ հանուն Հայաստանի հետագա հարյուրամյակների բոլորը պետք է դատվեն», - ընդգծեց Մանուկյանը:
Պատգամավորը պատմում է, որ խուզարկության սկզբում կարծում էր՝ իր հեռախոսը չեն վերցնի, խնդրել են զննել, ինքն էլ չի մերժել: Հետ են տվել, բայց հետո արդեն բռնի ուժով խլել ձեռքից. - «Հետո զանգ եկավ մեկ այլ շեֆից, չգիտեմ իր շեֆ Պողոսյանն էր, Պողոսյանի զանգով էր, որն էլ Նիկոլի զանգով էր, թե փորձել էին ինքնագործունեություն, բայց մեկ այլ շեֆի զանգից հետո որոշեցին, որ ուղղակի թողնում են ամեն ինչ, բռնի ուժով, կռվով հեռախոսս առգրավում են»:
Ընդդիմադիր պատգամավորը դատախազությունից արդարադատության ակնկալիք չունի
Թեև գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել, ընդդիմադիր պատգամավորը դատախազությունից արդարադատության ակնկալիք չունի. - «Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ օրենք՝ Նիկոլ Փաշինյանի անվան Հայաստանի Հանրապետության սահմանադրություն և Նիկոլ Փաշինյանի կամակորությունների անվան Քրդատ օրենսգիրք, Քրեական օրենսգիրք, մնացած բոլոր օրենքները»:
Ի վերջո, ահաբեկչության նախապատրաստության գործի շրջանակում իրավապահներն ի՞նչ են փնտրում այդ գործի հետ իրավական որևէ կապ չունեցող պատգամավորի հեռախոսում, Քննչականը չի մանրամասնում: Մանուկյանն էլ չի բացառում, որ գուցե իր առնչությունն են փորձում գտնել, ամեն ինչ սպասելի է սրանցից, ասում է:
Անցած շաբաթ Քննչականը ձերբակալել էր 7 հոգու, հինգին առանց մեղադրանքի ազատ արձակեցին, մյուս երկուսին կալանավորեցին՝ մեկին ահաբեկչություն նախապատրաստելու, մյուսին՝ ապօրինի զենքի մեղադրանքով:
Քննչականը հայտնել էր, թե խուզարկությունների արդյունքում հայտնաբերել է զենքեր, մարտական նռնակ, հեռավար գործարկելու համար դետոնատոր, մարտական նռնակի պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի միջոցներ: Որպես առերևույթ հանցագործության ապացույց հրապարակել էին նաև Դաշնակցության ավելի քան մեկդարյա կարգախոսով՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկը:
Դաշնակցականները հերքում են մեղադրանքը, պնդում՝ հայտնաբերված մարտական նռնակը չեզոքացված է եղել, զենքերն օրինական են, Քննչականն էլ որպես ահաբեկչության գործիք ներկայացնում է սպորտային մարտախաղի՝ սթրայքբոլի պարագաները: