«Մի կաթիլ մեղրի պատմությունը» Արևշատի ու Վերին Դվինի միջև. ի՞նչ է տեղի ունեցել

Արևշատցիները երկու օր առաջ տեղի ունեցած մասին կա՛մ լռում են, կա՛մ խոսում մի կերպ զսպվող զայրույթով. պնդում են, ամսի 16-ի երեկոյան Վերին Դվինից հարբած տղամարդիկ այս գյուղ են եկել, հայհոյել, նկատողություն ստացել, հեռացել, ապա վերադարձել ավելի մեծ խմբով, քարերով, փայտերով:

Ըստ արևշատցիների՝ հարձակվողները վերինդվինցիներն են, ծեծել են նաև իրենց գյուղապետի կրտսեր որդուն, բայց չգիտեն՝ ինչու ձերբակալվել է գյուղապետը՝ Ստեփան Նիկոլյանը. - «Գյուղապետը դեպքի վայրում չի էլ եղել, ասել են՝ կռիվ ա, գյուղապետը քշել ա մեքենան գնացել ա, հասել ա, չի էլ իմացել, որ իրա տղան մեջն ա»:

Ընդ որում, իրավապահներից վիրավորված են, գյուղապետին երկու օր է՝ տարել են, իսկ վերինդվինցիներին նեղություն չէին տալիս մինչև այսօր. - «Տուժողներին տարել են, հարձակվողներին չեն տարել»:

Ոստիկանության աշխատակիցները Վերին Դվին են մտել առավոտյան, տեղից մի քանի տեսանյութ տարածվեց և ահազանգ, թե ոստիկանությունը ներխուժել ու անխնա ձերբակալություններ է անում:

Լյուդմիլա Պետրովան Վերին Դվին համայնքի վարչական ղեկավարն է, արևշատցիների հետ միջադեպի իրենց տարբերակն է ներկայացնում. - «Խմած, ուռած, ես չեմ կարող ասել, էդ պահին իրենք չէին կարող որոշել՝ խմած էին, ուռած էին: Ուռչեցված է իրենց կողմից: Մեր բնակիչները երբևէ դիտավորյալ չեն գնացել այդ համայնք վեճ կամ կռիվ անելու: Եղել է ընդամենը ծիրանի բերքի դիմաց փողի պարտք, 2 հոգի են գնացել, իրենց պարտքն ուզելու»:

Ըստ այս վարկածի՝ արևշատցիներից մեկը Վերին Դվինից ծիրան է գնել, փողը չի տվել՝ երկու գյուղերն ահա այս պատճառով են ալեկոծվել: Ըստ իրավապահների՝ բախման պատճառը ավտովթարն է եղել: Ըստ արևշատցիների՝ հայհոյանքը, մի խոսքով կռվի ծագման պատճառները ամեն օր ավելանում են: Իսկ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ Ֆիզիկական ներգործություն,
հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարել և խուլիգանություն: Ձերբակալված են երկու հոգի, տուժածներ չկան:

Վերին Դվինից ձերբակալված չկա, բայց ոստիկանները այստեղից հավաքել-տարել են առանց պետհամարանիշի ավտոմեքենաները: Գյուղերում կան այդպիսիք, մարդիկ դրանով դաշտ են գնում, վարում գյուղի ներսում:

Արևշատ - Վերին Դվին «մի կաթիլ մեղրի պատմությունից» ամենաշատը տպավորված են երեխաները: Ոստիկանական մեծ խմբեր չէին տեսել: Փոքրիկներից մեկը վստահ էր, որ իր հայրիկին էլ են տարել, վստահ էր նույնիսկ այն պահին, երբ հայրիկը նրան տուն կանչեց. - «Ասի՝ քուրս, պապաս ո՞ւր ա, ասեց՝ տարել են բաժին, ես էլ հեսա իջնում եմ պապայիս հետևից բաժին»: