Ռոմանոս Պետրոսյանը երկուշաբթի կստանձնի ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարումը. ի՞նչ է սպասվում

Դավիթ Ղազինյան, Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ով ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից շաբաթներ անց նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, երկուշաբթի արդեն կսկսի աշխատանքն այդ ընկերությունում: Նրան այսօր հարցրինք՝ կրճատումներ անելո՞ւ է:

«Մասսայական կրճատումների մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է բարեխիղճ, հարկերը վճարող, իր լիազորությունների մեջ չթերացող, պետական շահով առաջնորդվող մասնագետին, նա ոչինչ չունի անհանգստանալու»,- ասաց Պետրոսյանը:

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ դարձյալ պնդել էր՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի և դրա շարունակությունն է համարում կառավարության կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացը:

«Երևույթը գնահատում եմ միանշանակ քաղաքական: Իրավական առումով օրենսդրական նախաձեռնությունը բացարձակ անգրագիտություն էր: Բայց քաղաքականի վրա ցանկանում եմ ավելի շատ շեշտը դնել՝ հաշվի առնելով Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունների ժամանակագրությունը: Իրավական պրոցես չկա: Իրավական պրոցես լինելու դեպքում Սամվել Կարապետյանը կալանավայրում չէր լինի. ես էլ եմ հիմա ասում՝ մեր ձևով մնալու ենք էստեղ», - ասել էր Ղազինյանը:

Որպես ժամանակավոր կառավարիչ ՀԷՑ մտնող Ռոմանոս Պետորսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է աշխատելու մի անձնակազմի հետ, որը տեղի ունեցածը համարում են իրավական ապօրինություն՝ քաղաքական դրդապատճառներով:

«Այս գործընթացը սկզբից մինչև վերջ օրենքի տառին համապատասխան է կյանքի կոչվում, դա իրենց որակումն է, քաղաքականացնում են ընկերության սեփականատերերը և իրենց աֆիլացված շրջանակները, այդ թվում՝ բիզնես շրջանակները, ովքեր տարբեր տնտեսական շահերով ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված են ՀԷՑ-ին», - ասաց Պետրոսյանը:

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ ՔՊ-ական Պետրոսյանի նշանակումից հետո վստահեցրել էր՝ իրենք շարունակելու են աշխատել, այդպիսով նաև սեփականատիրոջ իրավունքները պաշպանելով: Տարակուսած է՝ կազուսային իրավիճակ է՝ պետության կողմից նշանակված կառավարիչը գալիս է աշխատելու, իսկ սեփականատեր Սամվել Կարապետյանը պատասխան է տալու, ինչի համար, իրենք էլ չգիտեն: Իսկ որ դատիրավական ճանապարհով կգնան, այդ թվում նաև արբիտրաժային դատարան կդիմեն, ասաց՝ «Տաշիր» ընկերութունների խումբը նոր չէ հայտարարել այդ մասին:

Նախորդ շաբաթ ընկերությունը Վարչական դատարան է դիմել՝ հանձնաժողովից պահանջելով ձեռնպահ մնալ այս գործողություններից, մինչ կկայանա այս գործով առաջին նիստը: Մինչդեռ կարգավոր մարմնի նախագահն արդեն կառավարիչ է նշանակել՝ 28 էջանոց փաստաթղթի վերջում գրելով, թե բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

«Ի՞նչ է լինելու էդ դեպքում, մեր բողոքները չեն կասեցնում այդ որոշումը, գալիս են, ամեն ինչ անում են, հետո Սամվել Կարապետյանը ստիպված դիմում է իր վնասները փոխհատուցելու համար, հետո էլ ժողովրդի մեջ տարածելու են, թե Սամվել Կարապետյանը պետությունից փող է ուզում: Մենք բողոքարկումները անելու ենք, բայց ֆինանսական մասով Սամվել Կարապետյանը ինքն է որոշելու»,- ասել էր Ղազինյանը:

Միջազգային արբիտրաժային հայցերը սովորաբար ծանր են նստում պետությունների վրա՝ և ֆինանսական, և ներդրումային վարկանիշի առումով: Ռոմանոս Պետրոսյանն արդյոք մտահոգվա՞ծ չէ, որ գործընթացի հետևանքով պետությունը ֆինանսական վնասներ կկրի, ու եթե արբիտրաժային հայցը «Տաշիր գրուփը» հաղթի արդյո՞ք փոխհատուցման բեռը հենց Հայաստանի քաղաքացիների վրա չի մնա. - «Այնքանով, որքանով ես եմ տեղեկացված, ապա ես կարող եմ լավատեսություն հայտնել, և այնպես, ինչպես արբիտրաժ դիմող սուբյեկետները հույս ունեն, որ շահած են դուրս գալու, ես բազմակի անգամ ավելի մեծ փաստարկներ կարող եմ բերել և ավելի խորին համոզմունք հայտնել, որ գուցե ՀՀ-ն շահի և արբիտրաժ դիմածները ստիպված լինեն շատ ավելի մեծ փոխհատուցում վճարել պետությանը»:

Պետրոսյանը պնդում է՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը դեռ Սամվել Կարապետյանին կալանավորելուց ամիսներ առաջ էր նախատեսված, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել էր քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով հազարավոր դժգոհություններն ու անկանոն հոսանքազրկումները:

Դավիթ Ղազինյանը հակադարձում է՝ խնդիրների վերաբերյալ քննարկումներ միշտ են ունեցել, չեն հերքում, որ դրանք կան, բայց պնդում է՝ միլիոնների ներդրումներ են արվում դրանք շտկելու համար, իսկ վարչապետի հանձնարարականի կոնկրետ կետերն իրենց հետ չեն քննարկվել:

Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո ինչպե՞ս են անցնելու ՀԷՑ-ի պետականացմանը, որի մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց Սամվել Կարապետյանի ձերբակալությանը զուգահեռ: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը և իրավական հիմքերը։ Մեր այս հարցին Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է իրեն նշանակել այդ պաշտոնին, կոնկերտ առաջնահերթություններ ունի բայց, թե որոնք են լինելու պետականացմանը տանող հաջորդ քայլերը, իր որոշելիքը չէ:

«Իմ խնդիրը ճգնաժամային կառավարում անելն է, գնման գործընթացում թափանցիկություն ապահովելն է, մատակարարումները օրենքով սահմանված կարգով պատշաճ իրականացնելն է», - ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է հոսանքի սակագնի հնարավոր բարձրացմանը, ապա ժամանակավոր կառավարիչն ասաց՝ ինքը չէ այդ հարցի հասցեատերը և պնդեց, թե անցած տարի ՀԷՑ-ը դիմել էր կարգավորող մարմին՝ բարձրացնելու սակագինը:

ՀԷՑ-ի խոսնակը հերքերց Ռոմանոս Պետրոսյանի այս պնդումը, ավելին, ասաց, ընկերությունը «Տաշիր գրուփի» կողմից գնվելուց հետո սակագինը նույնիսկ մեկ անգամ նվազել է, իսկ ՀԷՑ-ի տնտեսումների շնորհիվ համակարգն ապահովում է հավելյալ միջոցներ, որոնք թույլ են տալիս զսպել սակագնի բարձրացումը:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը մտադիր է ընկերության վերնախավին զրկել պարգևավճարներից և հավելավճարներից, ասաց՝ եթե այդ կազմում նոր նշանակումներ լինեն, նրանք նույնպես չեն ստանա այդ գումարները: