Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի Դաշնության «ստվերային նավատորմի» 135 տանկերի և ռուսական նավթի փոխադրմամբ զբաղվող երկու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։
Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ նման միջոցառումները ձեռնարկվում են Լոնդոնի և ԵՄ-ի կողմից նավթի գնի շեմի նվազման ֆոնին։
Տանկերները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, ըստ մամուլի հաղորդագրության, 2024 թվականի սկզբից «անօրինական կերպով տեղափոխել են 24 միլիարդ դոլարի արժողությամբ բեռներ»։
Բացի այդ, պատժամիջոցները ազդել են նաև ԱՄԷ-ում գտնվող Litasco Middle East-ի և Intershipping Services-ի վրա։ Համաձայ ն հայտարարության՝ Litasco Middle East-ը կապված է ռուսական LUKOIL նավթային ընկերության հետ, իսկ Intershipping Services-ը ներգրավված է ռուսական նավթի փոխադրման գործընթացում՝ նավերով, որոնք փոխադրում են Գաբոնի դրոշի ներքո։
«Քանի դեռ Պուտինը շարունակում է ձգձգել իր քայլերը և հետաձգել լուրջ խաղաղ բանակցությունները, մենք անգործ չենք նստելու։ Մենք կշարունակենք օգտագործել մեր պատժամիջոցների ռեժիմի ողջ ուժը՝ ամեն քայլափոխի տնտեսական ճնշումը մեծացնելու և Ուկրաինայի կողքին կանգնելու համար», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։