Արաղչին եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Թեհրանի դեմ սպառնալիքները

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոչ է արել եվրոպական երկրներին դադարեցնել Թեհրանի դեմ սպառնալիքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մասին նախազգուշացումները։

Իրանական դիվանագիտության ղեկավարը X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացրել է, որ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերներին, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ համատեղ հեռախոսազրույցում պնդել է՝ Եվրոպան «պետք է պատասխանատու գործի» և հրաժարվի «սպառնալիքի և ճնշման մաշված քաղաքականությունից»։

Արաղչիի խոսքով՝ Եվրամիությունը և եվրոպական եռյակը ՄԱԿ-ի պատժամիջոցները «վերականգնելու» «որևէ բարոյական կամ իրավական հիմք չունեն»։

Պատժամիջոցների վերականգնման հնարավորության մասին անցած օրերին խոսել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ եթե Թեհրանը չառաջարկի «ամուր, շոշափելի և ստուգելի պարտավորություն»։

Իրանի դեմ զենքի վաճառքի, բանկային գործունեության և միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ ՄԱԿ-ի երկարամյա սահմանափակումները ՄԱԿ-ը չեղարկել էր 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շրջանակում։

Եվրոպական կառավարություններն այժմ սպառնում են վերականգնել ցավոտ սահմանափակումները՝ այդ թվում պահանջելով Թեհրանից վերսկսել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը։ Գերատեսչության հետ կապերն Իրանի իշխանությունները խզել են անցած ամիս՝ Իրանի դեմ Իսրայելի հարձակումներից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պատրաստ է արձագանքել ցանկացած նոր ռազմական հարձակման. ԽամենեիԻրանի խորհրդարանն արգելեց վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, մինչև Վաշինգտոնը չիրագործի Թեհրանի նախապայմանները Իրանն ամերիկացիներին բանակցելու առաջարկով չի դիմել. ԲաղայիԹեհրանը երաշխիքներ է պահանջում, որ հարձակման չի ենթարկվի բանակցությունների ընթացքումԻրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը չի կարող շարունակվել անվտանգության նկատառումներով