ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Եվրամիության անդամ երկրների դեսպանները համաձայնեցել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, Բրյուսելից հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվիակը:

Նոր փաթեթն ընդգրկում է ռուսաստանյան նավթի գնի առաստաղի իջեցում՝ 60-ից մինչև 47.6 դոլար մեկ բարելի դիմաց, երկրի ևս 22 բանկերի անջատում SWIFT համակարգից:

Այդ բանկերի թվում են, մասնավորապես, «Տ-բանկը» (նախկին «Տինկոֆֆ»), «Սանկտ Պետերբուրգ» բանկը, «Օզոն բանկը», «Յանդեքս բանկը», պետական «ԴՈՄ-ՌՖ» բանկը, «Սուրգուտնեֆտեգազբանկ»-ը և այլ դրամատներ;

Պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն նաև ռուսաստանյան ստվերային նավատորմի և երրորդ երկրների՝ Ռուսաստանին օգնող ընկերությունների 77 նավեր:

«Մենք հարվածում ենք Ռուսաստանի պատերազմի մեքենայի սրտին՝ թիրախավորելով նրա բանկային, էներգետիկ ու ռազմարդյունաբերական ոլորտները և նավթի գնի նոր դինամիկ առաստաղ սահմանելով: Ճնշումը շարունակվում է: Այն կշարունակվի, մինչև Վլադիմիր Պուտինն ավարտի այս պատերազմը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նախորդ օրերին ԵՄ արտգործնախարարների խորհուրդը չէր կարողանում համաձայնեցնել պատժամիջոցների այդ փաթեթը՝ դեմ էին Սլովակիան և Մալթան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ