Հայաստանում անցած երեք ամիսներին ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների դեմ տարատեսակ ճնշումները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրեց կոմիտեի վերջին զեկույցը, ըստ որի՝ ճնշման 36 դեպք է արձանագրվել ապրիլ-հունիս ամիսներին՝ 11 դեպքով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից։
«Եթե մենք նայում ենք ֆիզիկական բռնությունները, ապա դրանք երկուսն են եղել և իրականացվել են իրավապահ մարմինների կողմից, և ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, դրանք 39-ն են, ինչը 10-ով ավելին է նախորդ եռամսյակի համեմատ», - ասաց նա:
Լրագրողների, ԶԼՄ-ների դեմ հայցերը ևս, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի, ավելացել են։ Վիրավորանքի և զրպարտության հիմքով 16 նոր հայց է ներկայացվել։ Համաձայն զեկույցի՝ ընդդեմ լրագրողների ամենից շատ հայցերը պաշտոնյաներն ու գործարարներն են ներկայացնում դատարան։ Մելիքյանը սա մտահոգիչ միտում է համարում։
«Միջազգային կառույցները այս միտումը ամենևին էլ չեն ողջունում և համարում են, որ հատկապես երբ պաշտոնյաներն են դատական հայցերը ներկայացնում, սա բացասական միտում է։ Մենք առանձնացրել ենք նաև այդ 16 գործերի հայցվորներին։ Եվ այս առումով հետաքրքիր է, որ 6 գործով դրանք բիզնես միջավայրի ներկայացուցիչներ են, 3-ը՝ պետական նախկին և ներկա պաշտոնյաներ, 2-ը՝ քաղաքական գործիչներ, 2-ը՝ 2 գործով առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, 2 գործը՝ քաղաքացիներ, ֆիզիկական անձինք, և մեկը՝ փաստաբան», - մանրամասնեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը Հայաստանը դարձյալ մասամբ ազատ երկրների շարքին է դասել. կոշտ գնահատականներ զեկույցումԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը մտահոգիչ է համարում նաև լրագրողների նկատմամբ սպառնալիքները, վիրավորանքները, անվայելուչ վերաբերմունքը, ընդ որում՝ մեծամասամբ պաշտոնյաների կողմից։ Ըստ Մելիքյանի՝ նման դեպքերը աստիճանաբար ավելանում են: Կարծում է՝ նման վարքագիծը քաղաքական միջավայրում դառնում է սովորական երևույթ։
«Մենք արձանագրել ենք մի բավականին մեծ քանակի այդպիսի դեպքեր, և մեծամասնությունը ամենաշատը՝ 17 դեպքը, իրականացվել է պետական մարմինների ներկայացուցիչների կամ պաշտոնյաների կողմից, և սա իսկապես շատ մտահոգիչ է», - նշեց նա։
Աշոտ Մելիքյանը հայաստանյան լրատվադաշտը խիստ բևեռացված է համարում, հայտարարում՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, հոգևորականների կալանավորումներին հաջորդած լարված մթնոլորտը ևս մեկ անգամ դա ապացուցեց:
«Շատ քիչ էին այն լրատվամիջոցները, որոնք որ համակողմանի լուսաբանում էին թե՛ մի, թե՛ մյուս ճամբարի, թե՛ 3-րդ քաղաքական ճամբարի մեր տեսակետները և նաև համակիրների, և հասկանալի է, որ այս պայմաններում և՛ լրատվամիջոցները, և՛ լրագրողները կախված քաղաքական կողմնորոշումներից փաստորեն ճնշումների են ենթարկվում, և բարդություններ էին առաջանում նրանց գործունեության ընթացքում: Նորություն չէ, որ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները շատ բարդ հարաբերություններ ունեն իշխանականական պատգամավորների, պաշտոնյաների հետ, և դժվար է այդ համագործակցությունը, և հակառակը՝ իշխանության հետ ասոցացվող լրատվամիջոցների լրագրողները հաճախ բարդություննների են բախվում ընդդիմադիր գործիչների հետ շփվելիս», - նկատեց Մելիքյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել էՓորձագետն անդրադարձավ նաև վարչապետի ու նրա կնոջ բառապաշարին՝ այն դատապարտելի համարելով. «Բառապաշարը, որով վարչապետն ու իր տիկինն արձագանքում են իրենց հասցեին վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն անընդունելի են և դատապարտելի: Ես կարծում եմ, որ երկրի առաջին դեմքը և իր տիկինը պետք է շատ ավելի զուսպ, ինքնատիրապետող լինեն և հասարակության համար օրինակ ծառայեն կիրթ արտահայտվելու առումով: Իրենց մեկնաբանությունները երբ ես կարդում եմ, ուղղակի ամոթ եմ զգում իրենց փոխարեն»:
Հայաստանյան մամուլի բևեռացվածության մասին նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էր իր զեկույցում նշել։ Չնայած Հայաստանը 9 կետով բարելավել էր իր դիրքը Մամուլի ազատության սանդղակում, սակայն հեղինակավոր կազմակերպությունն արձանագրել էր, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի։ Դա, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։