Քննչականը հայտարարում է Խորխոռունու սպանությունը բացահայտելու մասին. կա ձերբակալված

Քննչական կոմիտեն հայտարարում է 27 տարի առաջ կատարված՝ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը բացահայտելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ Քննչականի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խորխոռունու սպանությունը 1998 թվականի դեկտեմբերի 10-ին կատարել են Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն՝ շահադիտական դրդումներով:

«Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար», - ասված է հաղորդագրությունում:

«Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն [...]1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ս.Ա.-ն՝ դեկտեմբերի 8-ին եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող [...[ հրազենը։ Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս.Ա.-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։ [...] Դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն։

Ըստ նախնական դերաբախշման՝ Հ.Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից [«Մակարով» տեսակի ատրճանակից] նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն անմիջապես հեռացել են դեպքի վայրից», - փոխանցում է Քննչականը:

Այլ մանրամասներ ևս հրապարակելով՝ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Ս.Ա.-ն ձերբակալվել է:

«Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեում ներկայումս ուսումնասիրության առարկա են հանդիսանում նաև նախկինում կատարված հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները», - ասված է հաղորդագրությունում: