Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել է Վաղարշապատի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և «Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին»։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է «հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտարարությունում:
«Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։ Միաժամանակ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը», - նշված է հայտարարությունում:
Մայր Աթոռը «բարձրորեն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները», և կոչ անում «մեր ժողովրդի զավակներին չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտնեց՝ որտեղից է սկսելու Վեհարանի ազատագրման գործը