Ճանապարհների հարցով Փաշինյանը նահանջե՞լ է «կարմիր գծերից», թե՞ «չի թմբկահարում ձեռքբերումները»

ԱՄԷ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում, 10-ը հունիսի, 2025թ.

Ալիևի ու Փաշինյանի պնդումներից տպավորություն է, թե ճանապարհների ապաշրջափակման բանակցությունները մտել են միջանցքային տրամաբանության փուլ, այսինքն՝ այն ուղով, ինչ պահանջում է Ադրբեջանի ղեկավարը, իսկ Փաշինյանը նահանջել է: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս եզրահանգմանն է եկել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարություններից:

«Դա ցույց է տալիս առկա տրամաբանությունը, դա ցույց են տալիս այն փաստացի իրողությունները, որոնք երկու կողմից էլ կա՛մ հաստատվում են, կա՛մ նվազագույնը չեն հերքվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:

Աբու Դաբիի հանդիպումից օրեր անց Փաշինյանն ու Ալիևը հրապարակեցին Սյունիքի ճանապարհի մասին իրենց պատկերացումները: Ալիևը շարունակում է պահանջել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ: Դեմ է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհին հայ սահմանապահ կանգնի և ստուգի ադրբեջանցուն ու նրա բեռները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն. Ալիև

Փաշինյանն էլ իր խոսնակի միջոցով երեկ հակադարձեց, թե այդ ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման և փոխադարձության սկզբունքով: Աբու Դաբիում դրանից առաջ ու հետո այլ բան չի քննարկվել:

«Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին., - հայտարարեց Նազելի Բաղդասարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հակադարձում է Ալիևի պնդումներին, ընդդիմությունից պնդում են՝ «Փաշինյանը ստել է»

Տիգրան Աբրահամյանն ասաց. - «Մի կողմից՝ կոռեկտ չեմ համարում հիմնվել Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի տեսակետներին, մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանությունների մոտեցումները վստահություն չեն առաջացնում, որովհետև 2018 թվականից ի վեր, այս իշխող ուժի՝ պետության ղեկը ստանձնելուց հետո, բազմաթիվ հայտարարություններ են հնչել, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը, Հայաստան - Ադրբեջան, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հետ կապված, որը ժամանակի ընթացքում ցույց է տվել, որ հայաստանյան իշխանությունները իրենց համար սկզբունքային հռչակած մոտեցումները այդպես էլ չեն պահպանել»:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պնդումներից տպավորություն է, որ նրանք որևէ հարցի շուրջ համաձայնության չեն եկել: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս հարցը փակուղի է մտնում: Իշխող թիմի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, որ Արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, այդպիսի տպավորություն չունի:

«Դա նշանակում ա, որ բանակցությունները շարունակվում են: Ոչ ոք չէր ասել, որ հեշտ ա լինելու, այս ամեն ինչը նշանակում ա, որ դեռ շարունակվում ա: Մենք մեր մոտեցումներն ունենք, ադրբեջանական կողմը իրենց մոտեցումներն ունեն: Կշարունակենք այնքան, մինչև կունենանք էնպիսի լուծում, որը ընդունելի կլինի էլի երկու կողմի համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը:

Միացյալ Նահանգներն առաջարկել է վարձակալել այդ ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ քննարկում են ճանապարհը երրորդ կողմին արտապատվիրակելու հարցը: Սա, ըստ Տիգրան Աբրահամյանի, նշանակում է հրաժարվել ինքնիշխանությունից ու լուծումը տանել Ադրբեջանի ցանկությունների գծով: Փաշինյանը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ի վիճակի չէ պաշտպանել իր իսկ հայտարարած կարմիր գծերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը


«Ըստ էության, Հայաստանի իշխանության կողմից հաստատումը այն հանգամանքի, որ առնվազն քնարկումներ կան հայաստանյան հատվածում մասնավոր լոգիստիկ կազմակերպությանը արտապատվիրակելու առումով, ըստ էության ցույց է տալիս հենց միայն այ էդ մասով, որ տեղի ա ունեցել սկզբունքներից նահանջ», - վստահեցրեց «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը:

Իշխանական Հասմիկ Հակոբյանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորի հետ: Ոչ միայն չի նահանջել Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, այլ նաև հաջողություններ ունեն հայ - ադրբեջանական բանակցություններում, խաղաղության պայմանագրի, սահմանազատման և ընդհուպ ճանապարհների ապաշրջափակման հարցում:

«Մենք հաստատակամ ենք և մշտապես էլ չենք ուզում թմբկահարել էն ձեռքբերումները, որը ունենում ենք ընթացքում, որոշ դեպքերում՝ մեծ, որոշ դեպքերում՝ փոքր, մինչ վերջնական չունենանք, այդպես ասած, վավերացված որոշումներ», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

Հարցին՝ «ճանապարհի հարցում ձեռքբերումը ո՞րն է», Հակոբյանն արձագանքեց. - «Ես ասեցի, չէ՞, որ մենք չենք ուզում թմբկահարենք մեր ձեռքբերումները»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք տարբեր առաջարկներ ստացել ենք և ստանում ենք». Փաշինյանը՝ ԱՄՆ առաջարկի մասին

Ընդդիմադիր պատգամավորը, մինչդեռ, ասաց. - «Նվազագույնը այստեղ լինելու ա երրորդ ուժ՝ երրորդ ուժի մասնակցությունը, անունն ուզում ես դնես մասնավոր կազմակերպություն կամ լրիվ այլ բան, որը իրականացնելու ա էս պրոցեսը: Եվ Հայաստանի որևէ ձևով մասնակցությունը կարող է որևէ ձևով դրսևորվել, բայց սա ամբողջության առումով ոչ լինելու ա Հայասանի Հանրապետության իրավազորության շրջանակներում, ոչ էլ այդքան չարչրկված և Հայաստանի իշխանության կողմից հայտարարված ինքնիշխանության պայմաններում»:

Նիկոլ Փաշինյանի խոսնակը նաև հայտարարել էր, թե Ալիևի հետ հանդիպմանը միջանցք տերմինն ու դրանից բխող տրամաբանությունը չի քննարկվել: Հայաստանի ղեկավարը «Խաղաղության խաչմերուկ» է կոչում այս հարցը, Ադրբեջանինը՝ «Զանգեզուրի միջանցք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ»

«Երևում է՝ իշխանությունը ջանքեր է գործադրում, մի կողմից, կտրելու այսպես կոչված այդ միջանցքային տերմինաբանությունը, որը և՛ երկրի ներսում, և՛ դրսում շրջանառվում է, մյուս կողմից՝ այ էս պահին էլ որոշակի նախապատրաստական աշխատանք է տանում, նաև՝ քարոզչական քաղաքական մակարդակով, դիմակայելու այն քննադատություններին, կամ միգուցե այն բողոքի ալիքին, որը առաջ է բերելու միջանցքային տրամաբանության այս պրոցեսը», - հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:

Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները խոսում են Հայաստանի տարածքով անցնող ճանապարհին վերահսկողության, վարձակալության ու այլ հարցերից: Իսկ թե ինչպիսին է լինելու Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհը Հայաստանի համար, Փաշինյանն այս մասին չի խոսում, շեշտեց «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը: Ալիևն ուղիղ ասում է՝ իր տարածքով անցնող հատվածում Ադրբեջանն է վերահսկելու, երրորդ կողմ չպետք է լինի: