Ռուսաստանում զորամասը լքելու համար մեղադրվողի հնարավոր առևանգումը Հայաստանում կանխվել է

102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում, արխիվ

Ռուսաստանի Դաշնությունում զորամասն անօրինական լքելու համար մեղադրվող Սեմյոն Սուբոտինը Երևանում 72-ժամյա ձերբակալությունից հետո ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից։ 25-ամյա երիտասարդն, ըստ իրավապաշտպանների, ինքնակամ էր ներկայացել Մաշտոցի ոստիկանության բաժին ու հայտնել երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին։

«Կազմակերպության հետ հանդիպման ժամանակ Սուբոտինը հայտնել է, որ ինքը մտավախություն ուն, որ Հայաստան են եկել իր հետևից իր շրջանի զինծառայողներ, իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, որպեսզի իրեն տանեն հետ՝ ծառայության կամ արդեն իսկ դատապարտման», - «Ազատությանը» փոխանցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Անի Չատինյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանները, տեսնելով, որ Սուբոտինը հետախուզվում է, ու կալանավորման որոշում կա Ռուսաստանում, ձերբակալել են նրան։

«Ընթացակարգը արդեն ըստ իրավական փոխօգնության պայմանագրերով նախատեսված ընթացակարգերի է եղել՝ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող անձը, պիտի հայտնեն Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև կարգը երկրների միջև փոխօգնության պայմանագրով էդպես է սահմանված, և արդեն հաջորդիվ ըստ Ռուսաստանի կողմից ներկայացվող պահանջների պիտի կարգավորվեր հարցը՝ կալանքի տանե՞լ, թե՞ չտանել», - ասաց Չատինյանը:

Ստացվում է՝ 72-ժամյա ձերբակալության ընթացքում երիտասարդին արտահանձնելու միջնորդություն չի եղել Ռուսաստանից, հակառակ դեպքում նրան կալանավորելու միջնորդություն պետք է ներկայացվեր դատարան։ Մինչդեռ, ըստ իրավապաշտպանների, ձերբակալվածների պահման վայրի մոտ Սուբոտինին դիմավորողները ռուսների են նկատել, նրանց խոսակցությունից ենթադրելով՝ ուժայիններ են ռուսական 102-րդ ռազմաբազայից:

«Երեք կամ չորս հոգի ուժային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր հեռախոսով խոսել են, որ «այո, մեր կողմից փնտրվող այսինչ մարդը ոստիկանության այս բաժնում է և հիմա շուտով պիտի աատ արձակվի, մենք ռուսական ռազմաբազայից ենք 102-րդ և պետք է իրեն տանենք այնտեղ, ապա փորձենք փոխանցել Ռուսաստանին»», - ասաց Անի Չատինյանը՝ հավելելով. - «Խոսակցության բնույթը հենց էսպիսին է եղել, որովեհտև ես ինքս չեմ լսել, այլ գործըներ կազմակերպության ներկայացուցիչներն են լսել»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ստանալով հնարավոր առևանգման ահազանգը գործընկեր կազմակերպության կողմից, դիմել է ՆԳՆ-ին, որ ապահովեն երիտասարդի անվտանգությունը։

«Բազմակողմանի ապահովեցին նախ, որպեսզի անվտանգությունը ապահովված լինի, ինչը մեզ համար կարևորագույն երաշխիքներից մեկն է: Հաջորդը՝ հաղորդումը պատշաճ կարգով [...] ընդունվեց», - ընդգծեց Չատինյանը, - «Եվ այն, որ տարածքում որևէ անձ չկար արդեն այն ժամանակ, երբ դուրս է եկել ձերբակալվածը, դա՝ միանշանակ: Այսինքն՝ սպառնացող վտանգը ոստիկանության օպերատիվ, արագ և արդյունավետ գործողությունների արդյունքում միանգամից չքացավ»:

Հիմա Սեմյոն Սուբոտինն անվտանգ վայրում է ու դեռ խուսափում է մեկնաբանություններից։ Իրավապաշտպաններն արատավոր են համարում 102-րդ ռազմաբազայի զինվորականների գործողություններն ու հայտարարում, որ դրանք անօրինական են, և նման դեպքերը պետք է բացառվեն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանը հիշեցնում է Հայաստանից ռուսաստանցիների առևանգման ու առևանգման փորձի նախորդ դեպքերը։ 2023 թվականի Գյումրիում ձերբակալվել էին Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված Դմիտրի Սետրակովին։ Սկզբում նրան պահել էին ռազմական բազայի տարածքում, ապա՝ տեղափոխել Ռուսաստան։ Հայաստանի վարչապետն անդրադառնալով այս դեպքին հայտարարել էր, թե իրավապահները հետաքննում են այն, Երևանը չի կարող հանդուրժել երկրի տարածքում ապօրինի գործողություններ։

Այս դեպքից ամիսներ անց՝ կրկին Գյումրիում, Ռուսաստանի հյուպատոսությունից դուրս գալիս ձերբակալել էին Կամչատկայից ժամանած, ծառայությունից հրաժարված Անատոլի Շչետինինին։

«Շչետինինի դեպքում կանխվեց գործողությունների իրականացումը, դե իսկ Սուբոտինի դեպքում առհասարակ հեռախոսային խոսակցությունից և պայմանավորվածությունից առաջ առայժմ չի գնացել», - նշեց Չատինյանը:

Գլխավոր դատախազությունը դեռ չի արձագանքել Սեմյոն Սուբոտինի դեպքին։ Կա՞ արդյոք հարուցված քրեական գործ 25-ամյա երիտասարդին առևանգելու առնչությամբ, թե՞ ոչ։ Դեռ պարզ չէ՝ արդյոք ռուսական կողմը արտահանձնման դիմում ներկայացրե՞լ է ձերբակալությունից հետո, թե՞ ոչ։ Գլխավոր դատախազությունից այսօր հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։