Վրաստանում երկարատև ստուգումները շրջանցելու «հստակ մեխանիզմ կա, 1200 դոլարից ա սկսվում»

Վրաստան - Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ փոխադրող բեռնատարները Կազբեկի անցակետում, հուլիս, 2025թ.

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որ ստուգեն հեղուկ գազի ներկրման ընթացքում կաշառքի մասին շրջանառվող տեղեկությունները։

Նախորդ շաբաթ նախարարի հերթական գրառումներից մեկի տակ օգտատերերը հարցրել էին՝ լսե՞լ է, որ վրացի մաքսավորները կաշառքով են հայկական մեքենաները բաց թողնում, պաշտոնյան պատասխանել էր. - «Հարգելի մեկնաբանության հեղինակներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը բոլոր այն մեկնաբանությունները, որոնք վերաբերում են ինչ-որ կաշառքի, ուղարկելու եմ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտե՝ ըստ էության քննության համար: Սա կարևոր է, քանի որ, եթե իրոք կաշառք կա, ապա սա ևս պետք է բացահայտվի և վրացական կոլեգաներին տեղեկացվի»:

Ռուսաստանից Վրաստանով հեղուկ գազ ներկրող վարորդը, որ պարբերաբար ահազանգում էր վրացական մաքսակետում ծագած նոր ստուգումների ու դրանցից բխող խնդիրների մասին, տարակուսած է՝ Հայաստանի իրավապահներն ինչպե՞ս են այդ հարցը լուծելու, եթե դժգոհությունները վրացական կողմին են ուղղված. - «Հակակոռուպցիոնն ի՞նչ պիտի անի վրացիներին, ինձ դա ա հետաքրքրում, Վրաստանի մաքսային աշխատողներին կամ, չգիտեմ, ինչ-որ մեկին, ի՞նչ պիտի անեն: Դա, մեղմ ասած, աչքկապոցի ինչ-որ տենց հարց են ուզում լուծեն: Չի կարա ուղղակի նախարարը տեղյակ չլինի, չզեկուցեն, որ նման խնդիրներ կան, վարորդները գումարներ են տալիս»:

«Իսկ որ պարոն Պապոյանը ասում ա՝ 40 մեքենա անցավ, չգիտեմ քանի մեքենա անցավ, հա, անցել են, ո՞նց ա անցնում վարորդը, գործատուն, էդ գազ բերողները, էդ սեփականատերերը ի՞նչ հարցեր են լուծում, որ իրանց մեքենաները կարողանան անցնեն, այ հարցը դա ա», - ընդգծեց վարորդը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ ստացել են Պապոյանի դիմումը, օպերատիվ ստուգողական գործողություններ են սկսել դրանում նշված հանգամանքները ստուգելու, պարզելու համար: Ոչ Հակակոռուպցիոն կոմիտեից, ոչ էլ Էկոնոմիկայի նախարարությունից չասացին, թե կոնկրետ ի՞նչ է գրել նախարարը, ի՞նչն են ստուգում: Քրեական գործ կհարուցվի, թե ոչ, պարզ կլինի այդ ստուգումներից հետո:

Տևական ժամանակ է Ռուսաստանից գազ ներկրողները դժգոհում են՝ հասնում են վրացական անցակետ ու առանց հիմնավորումների գիշերներ լուսացնում այնտեղ, տարբեր ստուգումներ են անցնում, որոնք բավականին երկար են տևում: Ասում են՝ նախկինում այսպիսի խիստ ստուգումներ չեն եղել:

«Ազատության» զրուցակիցը, որ նախընտրեց անանուն մնալ, կարծում է, որ սա քաղաքական հարց է. - «Վրաստանում իշխանության են եկել ռուսամետ ուժեր, ոնց որ Ռուսաստանն ա, նույնն էլ հիմա Վրաստանն ա: Կարծում եմ, որ մեր նախարարը քաջ տեղյակ ա ինչ ա կատարվում Վրաստանում, ուղղակի, չգիտեմ, կամ էդ հարցը էն հարցն ա, որ չեն կարողանում լուծեն Վրաստանի հետ միասին, կամ էլ էնքան մեծ ուժեր են կանգնած, որ ոչ մեկին, կոպիտ ասած, հաշվի չեն առնում»:

Միայն գազ ներկրողները չեն դժգոհ: Վերջին ամիսներին հայկական կոնյակ արտահանողներն էլ էին բողոքի ակցիաներ անում Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ, փորձում էին հասկանալ՝ ինչո՞ւ է տարանցիկ երկիրը որոշել իր տարածքում ռուսական շուկայում վաճառվող կոնյակի որակը ստուգել: Նրանք պնդում էին, որ կոնյակով բեռված մեքենաներն ամիսներով են մնում վրացական մաքսակետում: Պաշտոնական Թբիլիսիից հայտարարում էին՝ սովորական մաքսային ընթացակարգեր են: Իսկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, երբ մի քանի անհաջող փորձից հետո վերջապես հանդիպել էր իր վրացի գործընկերներին, այդպես էլ չասաց՝ ի վերջո պարզե՞լ է, թե ինչու այդ նոր ձևաչափով ստուգումները ոչ միայն չդադարեցին, այլև շարունակվում են ու կարծես կշարունակվեն:

Իսկ ահա գազ ներկրող բեռնատարի վարորդն «Ազատությանն» ասաց՝ անքուն գիշերներն ու առանց մեկնաբանությունների ստուգումները ստիպել են, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատուն զանգեն բողոքեն, բայց. - «Իմ հետ խոսել են՝ խոստանալով, որ մի քանի ժամվա ընթացքում իմ հետ կապ կհաստատի, բայց դա չեղավ, ես հինգ օր մնացի էնտեղ, ոչ մեկ կապի դուրս չեկավ իմ հետ: Իմ կարծիքով՝ Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության աշխատակիցները, կամ եթե ունենք՝ մաքսային կցորդը, պետք է գային Գեզի տերմինալ. կամ Կազբեկի անցակետ, հասկանային ինչն ա խնդիրը»:

«Ազատության» անանուն զրուցակիցն ասում է՝ երկարատև ստուգումները շրջանցելու հստակ մեխանիզմ կա, կասկածում է, թե էկոնոմիկայի նախարարը դա չգիտի. - «Կանգնում ես, սպասում ես մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր, ու տենց շարունակ: Ու տենց հայտնվում են մարդիկ, ինչ-որ բջջային հեռախոսահամարներ են տալիս WhatsApp հավելվածի, տենց կապերով գումար են փոխանցում: Բայց էդ մարդկանց տետ ա տետ չես տեսնում, ոչ մեկի հետ չես կարող սակագին առաջարկես, էլի, ենթադրենք, տենց: Բայց ինչ-որ ստաբիլ գումար են տվել՝ էդքան պիտի վճարեք, գնաք՝ 1200 դոլարից ա սկսվում»:

Ըստ «Ազատության» զրուցակցի՝ Վրաստանում ծագած խնդիրների ու ենթադրյալ կաշառքների մասին ֆեսյբուքյան գրառումները կամ մամուլում հնչող հարցազրույցները Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու փոխարեն, էկոնոմիկայի նախարարը կամ իրավապահները ծանրակշիռ ապացույցներ հավաքելու այլ գործընթաց կարող են սկսել. - «Կան հիմնարկներ, որտեղ ունեն մի քանի տասնյակ բեռնատար մեքենաներ, որոնք ներկրում են գազ, թող դիմեն էդ մարդկանց, ժողով կազմակերպեն, հավաքեն, հասկանան ինչն ա խնդիրը, ում են ինչ տալի, խի են տալի, ինչի համար են տալի, որ էդ հարցը գլոբալ լինի, որ կարողանա էդ նույն նախարարը դիմի, օրինակի համար, Վրաստանի ուժային կառույցներին, կամ, չգիտեմ, իրավապահ համակարգին»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները Հեղուկ գազն ավելի է թանկացել. «Վրաստանում հայ վարորդներից կաշառք են պահանջում»Երեկ հեղուկ գազ բերող 44 բեռնատար է մտել Հայաստան. նախարարՀայաստանում կտրուկ թանկացել է հեղուկ գազը