Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:
Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:
Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն նշվում:
Հայաստանի վարչապետը վերջին անգամ Ռուսաստան էր մեկնել մայիսի 8-ին, Մոսկվայում ներկա գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Հայ – ռուսական հարաբերությունները տևական ժամանակ լարված էին, Հայաստանը մասնավորապես դժգոհում էր, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ 2022-ին Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման ժամանակ, նաև որ 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները անգործություն են ցուցաբերել: Բայց վերջին շրջանում երկկողմ այցեր են լինում: