Եվրոպական միության դեսպանները մի քանի փորձից հետո համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որի նպատակն է Մոսկվային զրկել Ուկրաինայում արյունալի պատերազմը ֆինանսավորելու միջոցներից:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը սոցցանցում գրել է, որ սա պատժամիջոցների ամենաուժեղ փաթեթներից մեկն է, որը նախատեսում է իջեցնել ռուսական նավթի գինը և ևս 22 ռուսական բանկ անջատել միջազգային SWIFT համակարգից:
Պատժամիջոցները կազդեն նաև Ռուսաստանի ռազմական արդյունաբերության, Հնդկաստանում «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման ամենամեծ գործարանի վրա, կարգելեն «Հյուսիսային հոսքի» շահագործումը: Եվրոպան չի նահանջի Ուկրաինային ցուցաբերած աջակցությունից և կմեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա, մինչև այն չդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, ասել է Կայա Կալլասը:
«Մենք շարունակում ենք կրճատել Կրեմլի ռազմական բյուջեն՝ պատժամիջոցներ կիրառելով ստվերային նավատորմի ևս 105 նավի և դրանց հանցակիցների դեմ, ինչպես նաև սահմանափակում ենք ֆինանսավորմանը ռուսական բանկերի հասանելիությունը», - հայտարարել է Կալլասը:
Փաթեթին նախկինում դեմ էր Սլովակիան՝ պնդելով, որ 2028-ից ռուսական գազի ներմուծումը լիովին դադարեցնելու Եվրահանձնաժողովի ծրագրի պատճառով կարող է վառելիքի դեֆիցիտ առաջանալ, գազի գինն էլ՝ բարձրանալ: Սակայն վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ Եվրահանձնաժողովի նախագահի հետ համաձայնության է եկել գազի գների շուրջ երաշխիքների վերաբերյալ, հետևաբար՝ Սլովակիան կաջակցի այս փաթեթին:
«Այս պահին պատժամիջոցների 18-րդ փաթեթի արգելափակումը շարունակելը հակաարդյունավետ կլինի ... փաթեթն արգելափակելու մեր դիրքորոշման շարունակելն արդեն կսպառնա մեր շահերին», - հայտարարել է Ֆիցոն:
Կրեմլի խոսնակը, արձագանքելով նոր պատժամիջոցներին, ասել է, որ Եվրոպան հետևողականորեն հակառուսական քաղաքականություն է վարում, որի նկատմամբ Ռուսաստանն արդեն իմունիտետ է ձեռք բերել:
«Մենք բազմիցս ասել ենք, որ նման միակողմանի սահմանափակումները համարում ենք անօրինական, դեմ ենք դրանց։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, արդեն … հարմարվել ենք պատժամիջոցների ներքո կյանքին», - նշել է Պոսկովը։
Ուկրաինայի նորանշանակ վարչապետը ողջունել է նոր փաթեթը՝ ասելով, որ այն «ուժեղացնում է ճնշումը այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է»։ Յուլիա Սվիրիդենկոն սոցցանցում գրել է, որ խաղաղության հաստատմանը նպաստող միջոցառումների առումով, սակայն, դեռ շատ բան կա անելու:
Երեկ էլ Ուկրաինայի նախագահը New York Post-ին ասել է, որ Վլադիմիր Պուտինը «պատրաստ չէ փոխզիջման», սակայն ԱՄՆ նախագահն ունի այնքան իշխանություն, որպեսզի ծնկի բերի նրան՝ արագացնելով Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները, որոնք Ռուսաստանում կարող են «սոցիալական պայթյունի» հանգեցնել:
Զելենսկին նաև հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ քննարկում են «մեգագործարք», որի շրջանակում Ուկրաինան ԱՄՆ-ին կվաճառի ուկրաինական արտադրության անօդաչուներ՝ ամերիկյան զենք գնելու դիմաց։
«ԱՄՆ նախագահը և ռազմական փորձագետները հասկանում են, որ պետք է այդ անօդաչուներն ունենան իրենց զինանոցում, քանի որ այսօրվա տեխնոլոգիաների պատերազմների ժամանակ դրանք անհրաժեշտություն են պաշտպանության համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ուկրաինայի կառավարությունում վերջին օրերի վերադասավորումների ֆոնին Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին այսօր նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է «ավելի մեծ թափ հաղորդել» Ռուսաստանի հետ բանակցություններին, և Ումերովին խնդրել է «ակտիվացնել» գործընթացը։
Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան համաձայն է Կիևի հետ՝ պետք է ակտիվացնել բանակցային գործընթացը:
Մինչ Կիևը փորձում է վերսկսել Մոսկվայի հետ շփումները, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան երեկ Լոնդոնում քննարկել են Ուկրաինային զենքի մատակարարման նոր ծրագրերը այն բանից հետո, երբ Թրամփն ազդարարեց, որ Ուկրաինային այսուհետ զենքը կտրամադրվի ՆԱՏՕ-ի միջոցով, որի համար կվճարեն դաշինքի եվրոպական անդամ երկրները, որոնց մեծ մասը համաձայն չէ նոր սխեմային: Բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ քննարկել են նաև Ուկրաինային հեռահար հարվածային համակարգեր տրամադրելու անհրաժեշտությունը։
«Ուկրաինան շուտով լրացուցիչ զգալի աջակցություն կստանա այս ոլորտում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական գործընկերությունների միջոցով», - հայտարարել է Մերցը:
Այս ընթացքում ռազմաճակատում իրադրությունը մնում է լարված: Գիշերը ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերին, կա երկու զոհ, յոթ վիրավոր: Կառավարվող ավիառումբերով էլ հարվածել են Ստեպնոգորսկին, կա մեկ զոհ: Խարկովում հարվածել են բնակելի միկրոշրջանի, կան վիրավորներ:
Ուկրաինան, իր հերթին, անօդաչուներով հարվածել է Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքին, նաև այլ բնակավայրերի: Նիժնի Նովգորոդի օդանավակայանը կասեցրել է աշխատանքը: