Մեծ Բրիտանիան և շուրջ երկու տասնյակ այլ երկրներ երկուշաբթի օրը համատեղ հայտարարությամբ կոչ են արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում՝ ընդգծելով, որ Իսրայելի կառավարության՝ մարդասիրական օգնություն տրամադրելու մոդելը «վտանգավոր է, հարուցում է անկայունություն և զրկում Գազայի բնակիչներին իրենց մարդկային արժանապատվությունից»։
«Մենք միավորվել ենք մեկ պարզ և անհետաձգելի նպատակի շուրջ. պատերազմը Գազայում պետք է անհապաղ ավարտվի», - հայտարարում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի և մի շարք այլ երկրների արտգործնախարարները։
«Մենք պատրաստ ենք հետագա քայլեր ձեռնարկել անհապաղ հրադադարի և իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի համար անվտանգության ու խաղաղության քաղաքական ուղու աջակցության համար», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։