Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարում է՝ ՀԷՑ-ն ազգայնացնելու կառավարության քայլերի դեմ միջազգային արբիտրաժային հրատապ գործ են հաղթել: Գործադիրն, ըստ էության, չի հերքում այս տեղեկությունը:
Ըստ Կարապետյանի պաշտպանական թիմի՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ շաբաթներ առաջ փոխված օրենքներով սահմանված դրույթների կիրառումից ու «ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
ՊՎԾ նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակվեց հապճեպ կատարված օրենսդրական փոփոխություններից հետո: Ի դեպ, ընդդիմությունը վիճարկում է դրանց սահմանադրականությունն ու արդեն դիմել է Բարձր դատարան:
Հայցի հիմքում Կարապետյանները ներդրումների պաշտպանության մասին Հայաստանի ու Կիպրոսի միջև 30 տարի առաջ կնքված համաձայնագիրն են դրել: Միլիարդատերը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տնօրինում է նաև Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով:
Կարապետյանի փաստաբանները պնդում են՝ արբիտրաժը եզրահանգել է՝ ապահովման անհետաձգելի միջոցներ են անհրաժեշտ: Թե կոնկրետ ինչ միջոցներ, չեն մանրամասնում:
Արբիտրաժի որոշումը հրապարակված չէ: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է գրված տեքստում:
Գործադիրի արձագանքը չուշացավ՝ չհերքելով, որ Կարապետյանների օգտին է վճիռ կայացվել`կառավարությունը միայն պնդում է, թե քննված հարցերը ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակների շրջանակին չեն վերաբերում, վեճն այլ բանի մասին է:
«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը», - ասված է կառավարության հայտարարության մեջ:
ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին իշխանությունները հայտարարեցին Եկեղեցուն պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ, հաշված օրերի ընթացքում նրան պատկանող ընկերության կառավարումը ստանձնելու համար օրենք փոխեցին: Նախորդ շաբաթավերջին էլ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ նշանակվեց:
ՊՎԾ նախկին պետն առաջին իսկ օրը աշխատանքից հեռացրեց ընկերության իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանին: Վերջինս «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ արբիտրաժի վճիռը ենթադրում է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելու գործընթացը պետք է կասեցվի:
«Եթե մինչև հայցի ապահովման միջոցը կատարվել են ինչ-որ գործողություններ, պետք է կասեցվեն, օրինակ՝ հանձնաժողովի նախագահի վարույթը կասեցվեր, Ռոմանոս Պետրոսյանը իր իրերը վերցներ, հետ գնար», - ասաց նա:
Կհեռանա՞ Պետրոսյանը արբիտրաժային այս վճռից հետո, հապճեպ ընդունված օրենսդրական փոփոխությունները չեղյա՞լ կճանաչվեն, ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթացը կկասեցվի՞, առայժմ պարզ չէ. օրվա երկրորդ կեսին կարգավորող հանձնաժողովի նախագահը, որի որոշմամբ էլ եղել է այս նշանակումը, հայտարարեց, թե իրավասու չէ այս ակտով նախատեսված ապահովման միջոցների հարցը գնահատել, նա որևէ գործողության կարող է դիմել միայն արբիտրաժային վճռի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչումից հետո:
Կհետևե՞ն իշխանություններն այս վճիռը, թե՞ ոչ. միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հրաժարվեցին որևէ այլ մեկնաբանություն տալ: Այս գործով կառավարության շահերը հենց այս գրասենյակն է ներկայացնում:
Մասնագետները բացատրում են՝ իշխանությունները պարտավոր են հետևել որոշմանը, սակայն տեսականորեն կարող են և հրաժարվել, այդ դեպքում, սակայն, հետևանքները կարող են ավելի ծանր լինել՝ երբ այս գործով արդեն վերջնական վճիռը հրապարակվի, Հայաստանի Հանրապետությունը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ գումար փոխհատուցել Կարապետյաններին, բանը կարող է արտերկրում գտնվող Հայաստանի ակտիվների բռնագանձմանը հասնել: Այս հրատապ որոշմամբ արբիտրաժն, ըստ էության, պարտավորեցնում է ժամանակավոր միջոցներ կիրառել մինչ բուն վարույթի քննությունը:
Արբիտրաժային վարույթի մասին Կարապետյանները շաբաթներ առաջ էին զգուշացրել, վարչապետ Փաշինյանին, սակայն, այս հեռանկարը շատ չէր անհանգստացրել, նա հայտարարել էր. «Արբիտրաժները դատական գործեր են, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կառավարական մարմինների դեմ էլ են, նկատի ունեմ՝ ներպետական ատյաններում հայցեր ներկայացվում, կառավարությունն էլ է հայցեր ներկայացնում»:
Արբիտրաժային այս վարույթին արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երկու բառ պարունակող գրառմամբ. «Կիպրցի Սամոն»:
1917-ից գործող Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը օգնում է լուծել բիզնեսին առնչվող վեճերը, այս պահին այնտեղ տարբեր ընկերությունների ու տանյակ երկրների միջև հայցեր են քննվում: