Ադրբեջանի ղեկավարի պնդումներին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն ադրբեջանցիները, Երևանից արձագանքեցին երկու օր անց: Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է «Արմենպրես»-ի հետ զրույցում պատասխանել Ալիևի պնդումներին:
«Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման և փոխադարձության սկզբունքով», - ընդգծել է Բաղդասարյանը:
Շաբաթ օրը Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալել էր տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների, պատասխանել նրանց հարցերին, խոսել «Զանգեզուրի միջանցքի» ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին: Ադրբեջանի ղեկավարը նորից պնդել էր՝ Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան»:
«Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն», - պնդել է Ալիևը:
Ըստ նրա, այս պահանջը կրկնել է նաև Հայաստանի ղեկավարի հետ վերջին հանդիպման ժամանակ՝ Աբու Դաբիում: Վարչապետի մամուլի խոսնակը հակադարձում է՝ թե՛ այդ հանդիպմանը, թե՛ դրանից առաջ ու հետո այլ տարբերակ չի քննարկվել, Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, ըստ Փաշինյանի խոսնակի, այդ քննարկումների տրամաբանությունից դուրս է։
«Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին», - հայտարարել է Նազելի Բաղդասարյանը:
Ըստ Երևանի արձագանքի՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհի անցակետում քաղաքացիների և նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ինչ բեռներ են անցնում:
«Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները և քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ», - ասել է վարչապետի խոսնակը՝ ընդգծելով. - «Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա»։
«Ես հստակ պնդում եմ, որ Փաշինյանը հանրությանը ստել է, և ես հիմք չունեմ մտածելու, որ իրանք հանկարծ էս էրկու օրը, որ դարձան ազնիվ քաղաքացիներ». - չնայած Երևանի արձագանքն այս անգամ ակնհայտ կտրուկ էր, բայց ընդդիմադիրներին չի համոզում, որ Փաշինյանը կդիմադրի ու չի զիջի: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքները ցույց են տվել, որ նա կարմիր գծեր չունի, ասում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Հայ - ադրբեջանական բանակցությունների պատմությունն է վկայակոչում:
«Բանակցությունների մասին, բնականաբար, որևէ կողմ ամբողջական տեղեկատվություն չի տալիս: Եվ հիմա, այնտեղ ո՛չ ես եմ եղել, ո՛չ դուք եք եղել, և շատ դժվար է ասել, թե ինչ են բանակցել Փաշինյանն ու Ալիևը: Բայց եթե վերադառնանք Փաշինյան և Ալիև բանակցությունների ամբողջ պատմությանը, ապա մենք տեսնում ենք, որ ինչ այս իշխանությունները ասել են, սուտ է դուրս եկել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը՝ շարունակելով. - «Ղարաբաղյան բանակցությունները նայեք՝ «լիաֆորմատ բանակցություն չկա, խոսել ենք ընդամենը բանակցությունների ձևաչափի մասին», հետո պարզվեց, որ լավ էլ լիաֆորմատ բանակցություններ են եղել, լավ էլ զիջել է Հայաստանը: Այսինքն՝ ես չունեմ որևէ հիմք, որ ասեմ, թե Փաշինյանը ճիշտ է ասում»:
Մինչև Ալիևի պնդումները ասուլիս էր հրավիրել Նիկոլ Փաշինյանը, հաստատել, որ քննարկում են ապաշրջափակման վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկները: Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Ալիևն ամերիկյան առաջարկին անդրադառնալով ասել է՝ իր տարածքում ոչ արտաքին օպերատոր է լինելու, ոչ էլ վարձակալություն:
Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունից ընդդիմադիր պատգամավորը ենթադրում է՝ Բաքուն ինչպես Արցախի, հայ - ադրբեջանական սահմանազատման, այնպես էլ միջանցքի հարցում չի պատրաստվում որևէ փոխադարձության ու փոխզիջման:
«Դատելով բանակցային գործընթացից Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հերթական զիջումը անելու է Փաշինյանը: Ալիևը ստացել է այն, ինչ որ ուզել է՝ սկսած «դագդիգագան նահանջից», վերջացրած՝ Արցախի կարգավիճակ և մնացած», - նշեց Արթուր Խաչատրյանը:
Իսկ Փաշինյանին, ըստ պատգամավորի, օդ ու ջրի պես խաղաղության պայմանագիրն է պետք մինչև հաջորդ տարվա ընտրություններ, որ կարողանա իշխանությունը պահել:
«Ալիևը հասկանում է, որ Փաշինյանից հետո ով էլ գա՝ լինելու է ավելի կարծր, և Ալիևը կցանկանա, որ Փաշինյանը մնա, շարունակի: Եվ դրա համար ինքը ցույց է տալիս, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքի, և այլն, և այլն: Բայց պահանջները, գինը Հայաստանի ինքնիշխանությունն է լինելու: Փաշինյանն էլ է պատրաստ՝ հանուն իր իշխանության, հանուն ի՛ր իշխանության գնա հայկական ինքնիշխանության զիջման: Ինքը հասկանում է, չէ՞, որ 21 թվականից հետո բացառապես որևէ հաջողություն չի արձանագրել, դրա համար իրեն օդ ու ջրի նման պետք է մի հատ թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն», - պնդեց դաշնակցական պատգամավորը:
Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանն էլ է Ալիևն անդրադարձել, թե դա իրենց առաջարկն է: Նախաստորագրելու մասին Փաշինյանն էր հայտարարել ու չէր հստակեցրել՝ որ կողմի գաղափարն է: Ի՞նչ նախապայմաններ կան ստորագրելու համար, կողմերը չեն բացահայտում: Իսկ բուն փաստաթուղթը ստորագրելու համար Բաքուն չի նահանջում նախապայմաններից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն է պահանջում: