Գերմանիան հնարավորինս շուտ 5 Patriot համակարգ կտրամադրի Ուկրաինային

Patriot համակարգ Ուկրաինայում, օգոստոս, 2024թ.

Գերմանիան հնարավորինս շուտ հակաօդային պաշտպանության հինգ Patriot համակարգ կտրամադրի Ուկրաինային, որի կարիքը երկիրն այս պահին շատ ունի ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առցանց նիստին:

Բորիս Պիստորիուսն ասել է, որ մատակարարման ծրագիրը կորոշվի առաջիկա օրերին, ապա հավելել, որ Patriot-ներն ուղարկելով հստակ ազդակ են հղում Ռուսաստանին. - «Սա հստակ ազդակ է Պուտինին, որ պատերազմը ձգձգելու համար հնարավորինս թանկ կվճարի: Ուկրաինան հաջողությամբ կշարունակի մարտահրավեր նետել Պուտինի ռազմական մեքենային և յուրաքանչյուր օր է՛լ ավելի կթուլացնի այն»:

Ուկրաինայի պաշտպանության նախարարն, իր հերթին, եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել օգնել ԱՄՆ-ից Patriot-ների գնման ֆինանսավորումն ապահովելու համար: Դենիս Շմիգալն ասել է, որ Ուկրաինային 6 միլիարդ դոլար անհրաժեշտ է այս տարվա պաշտպանական գնումների բացը լրացնելու համար։ Դա, ըստ նրա, թույլ կտա արտադրել ավելի շատ անօդաչու թռչող սարքեր՝ առաջնագծի պաշտպանական գծերը պահպանելու, օդային պաշտպանությունն ամրապնդելու և Ռուսաստանի խորքերին հարվածելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ արդեն պայմանավորվածություն կա ֆրանսիական ընկերությունների հետ Ուկրաինայում անօդաչուների համատեղ արտադրություն սկսելու մասին:

Այս ֆոնին Կրեմլի խոսնակն արձագանքել է ռուս - ուկրաինական ուղիղ բանակցություններն այս շաբաթ վերսկսելու Կիևի առաջարկին: Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կողմ է բանակցություններին, սակայն դեռ դրանց անցկացման օր չեն որոշել: Պեսկովը նշել է, որ խաղաղության հուշագրերի տեքստերի ռուսական և ուկրաինական տարբերակներն այս պահին շատ են տարբերվում միմյանցից, ուստի շատ աշխատանք կա անելու:

«Այս երկու նախագծերի շուրջ դեռ կարծիքների փոխանակում և բանակցություն չի եղել։ Մինչ այժմ նախագծերն ամբողջությամբ և տրամագծորեն հակասում են իրար։ Հետևաբար՝ դեռ շատ դիվանագիտական աշխատանք կա անելու», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին մեկնելու է Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Եվ եթե Դոնալդ Թրամփը ևս այդ ժամանակ լինի Պեկինում, ապա չի բացառվում, որ երկու առաջնորդների հանդիպում տեղի ունենա:

Թուրքական և ռուսական մամուլը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հուլիսի 23-24-ը Ստամբուլում:

Մինչ Կիևը սպասում է Patriot համակարգերին, Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի մի քանի շրջանի վրա: Ռուսական զինուժը հարվածել է Իվանո-Ֆրանկովսկին: Ըստ քաղաքապետի՝ սա պատերազմի սկսվելուց ի վեր ամենազանգվածային հարձակումն է, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հարձակման թիրախում են եղել նաև Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Կուպյանսկը, կան տուժածներ, Վիննիցայում կա մեկ զոհ: Հարվածել են նաև Կիևին, որտեղ կա մեկ զոհ, մի քանի վիրավոր, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել:

Ռուսական զինուժը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում ևս մեկ բնակավայր է գրավել: Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանի յոթ շրջանի: Ռոստովում վնասվել է երկաթուղային կայարան: Ռուսաստանում 130 ուղևորատար գնացք ուշացումով է երթևեկել, սահմանափակումներով են աշխատել Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի օդանավակայանները:

Վերջին 30 ժամում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում չեղարկվել է 118 չվերթ, հետաձգվել է 200-ից ավելի չվերթ: Մարդիկ ժամերով սպասել են իրենց չվերթին, շատերին երկար ժամանակ թույլ չեն տվել դուրս գալ ինքնաթիռից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը կրկին լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի վրա Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլ կարող է տեղի ունենալ այս շաբաթ Ստամբուլում. Independent TürkçeՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում փրկարարական աշխատանքները շարունակվում են. ԶելենսկիՄոսկվայի համար կարևորն է հասնել իր նպատակներին. ԿրեմլՎաշինգտոնը չի նախատեսում մեծ հեռահարության հրթիռներ տրամադրել Կիևին