Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների նոր փուլը նախատեսված է հուլիսի 23-ին Թուրքիայում։
«Այսօր ես Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցի գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները և ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպում Թուրքիայում», - ասել է Զելենսկին հուլիսի 21-ի իր երեկոյան տեսաուղերձում՝ հավելելով՝ «Ումերովը հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի [հուլիսի 23-ին]: Ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն վաղը»։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը նախկինում Ուկրաինայի պաշտպանության նախարարն էր և ղեկավարել է Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին երկու փուլերը։
Կրեմլը չի հաստատել բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը՝ միայն ասելով, որ սպասում է ավելի շատ մանրամասների և հավելելով, որ երկու կողմերը դեռևս «տրամագծորեն հակառակ» դիրքորոշումներ ունեն երկարատև հակամարտության դադարեցման ուղիների վերաբերյալ։
«Կա մեր հուշագրի նախագիծը՝ կա հուշագրի նախագիծ, որը մեզ է փոխանցել ուկրաինական կողմը։ Պետք է տեղի ունենա կարծիքների փոխանակում և բանակցություններ այս երկու նախագծերի շուրջ, որոնք մինչ այժմ տրամագծորեն հակառակ են», - ասել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Անցած ամիսներին ռուս-ուկրաինական բանակցությունների մի քանի փուլ տեղի է ունեցել Ռիյադում, ապա՝ Ստամբուլում։ Քննարկումների ամենաշոշափելի արդյունքը ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման վերաբերյալ համաձայնությունն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլ կարող է տեղի ունենալ այս շաբաթ Ստամբուլում. Independent Türkçe