Ամերիկյան վերահսկողությո՞ւն Կովկասի «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ․ Իրանին դա դուր չի գա

Միացյալ Նահանգների առաջարկը՝ ամերիկյան վերահսկողություն սահմանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ, սրել է լարվածությունը Հարավային Կովկասում և մտահոգություններ առաջացրել Իրանում։

Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանի էքսկլավին միացնելու համար նախատեսված այս հնարավոր տրանսպորտային կապը, որը պետք է անցնի Հայաստանի հարավով, կարևոր է ոչ միայն տարածաշրջանային հաղորդակցության, այլև Իրանի զգայուն հյուսիսային սահմանի աշխարհաքաղաքական կարգավիճակի տեսանկյունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը

Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզով անցնող այս հնարավոր 43 կիլոմետրանոց միջանցքի սցենարը էական նշանակություն ունի․ Գերմանական միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի գիտաշխատող Համիդռեզա Ազիզին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զգուշացրել է, որ ծրագիրը «կզրկի Իրանին Հայաստանի միջոցով Հարավային Կովկաս տանող իր բնական ցամաքային մուտքից»՝ երկիրը կախվածության մեջ դնելով «Ադրբեջանի կամ այլ միջազգային գործիչների կողմից վերահսկվող երթուղուց»։

Գերմանիայում աշխատող փորձագետը Սյունիքով անցնող հնարավոր միջանցքը որակել է որպես «դագաղի վերջին մեխը»՝ Իրանի շուրջ սեղմվող «աշխարհաքաղաքական օղակի վրա»։ Եթե Բաքուն վերահսկողություն սահմանի այս երթուղու նկատմամբ կամ եթե այն հանձնվի արտաքին կառավարման, Իրանը կկորցնի լծակները իր առևտրի հյուսիսային ուղղության նկատմամբ, ասում են փորձագետները։

«Իրանը գրեթե լիովին կախված կլինի Ադրբեջանից ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Ռուսաստանի և Եվրոպայի հետ առևտրի հարցում», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազիզին՝ հավելելով, որ դա «լուրջ հարված կհասցնի Իրանի աշխարհատնտեսական դիրքին»։

Ըստ փորձագետի, այս ծրագիրը կարող է նվազեցնել նաև Իրանի դերը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ՝ թուլացնելով Թեհրանի կարևորությունը որպես Պեկինի գործընկեր:

Անվտանգություն և տարածաշրջանային կարգ

Թեհրանի հիմնական մտահոգությունը պարզ է. միջանցքը կարող է մեծացնել թուրքական ազդեցությունը, իսկ այժմ նաև հանգեցնել ամերիկյան անմիջական ներկայության։

«Իրանի ամենամեծ մտահոգությունն այն է, որ նման միջանցքը իր առջև մեկընդմիշտ կփակի արևելք-արևմուտք տրանսպորտային երթուղիներին մասնակցելու հեռանկարը», - ասել է Ազիզին։

Ըստ նրա՝ ամերիկյան կառավարմամբ երթուղին է՛լ ավելի կմեծացնի Թեհրանի մտահոգությունները, քանի որ ամերիկյան շահերը կհայտնվեն «անմիջապես Իրանի հյուսիսային սահմանին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույց՝ Սյունիքի ճանապարհի շուրջ քննարկումների ֆոնին

Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են՝ Ուկրաինայի դեմ պատերազմի և Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ուժերի հավասարակշռության փոփոխության ֆոնին։ Իրանը, որը նախկինում բավարարվում էր Մոսկվային ապավինելով, այժմ կարծում է, որ այն, ինչ նա համարում է իր բուֆերային գոտին, սպառնալիքի տակ է հայտնվել։

«Ունենալով սահմանափակ ռազմավարական տարբերակներ՝ Թեհրանը ձգտում է գործակցել բոլոր հիմնական խաղացողների հետ և ավելի սերտ քաղաքական և պաշտպանական համագործակցության ունենալ Հայաստանի հետ», - ասաց Ազիզին։

Նրա խոսքով՝ Իրանի պաշտոնական հայտարարությունները և 2021 թվականից ի վեր տարածքում անցկացվող զորավարժությունները ոչ այնքան նպատակ ունեն ընդհարում հրահրել, որքան ցույց տալ, որ Թեհրանը պատրաստ չէ համակերպվել օտարերկրյա անվերահսկելի ներկայության հետ իր սահմանների մոտ։

Վերահսկողություն, տարանցում և ինքնիշխանություն

Ամերիկյան առաջարկը զգուշությամբ է ընդունվել Երևանում և Բաքվում։
Ադրբեջանը հնարավոր միջանցքը դիտարկում է որպես Նախիջևան տանող կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային զարկերակ և հետպատերազմյան ինտեգրման մաս։

Սակայն Հայաստանում մտավախություններ կան, որ դա կարող է սպառնալ երկրի ինքնիշխանությանը։ Երևանում պնդում են, որ ցանկացած երթուղի պետք է մնա հայկական վերահսկողության տակ, քանի որ միջանցքային տրամաբանությունը կարող է նշանակել դրա հանդեպ ինքնիշխանության կորուստ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն. Փաշինյան

«Մինչդեռ, Ադրբեջանը հաստատակամ է և ցանկություն չունի տեսնելու որևէ երրորդ կողմի ներգրավվածություն», - ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Բաքվի համար միջանցքը նշանակում է անարգել մուտք Նախիջևան, և ցանկացած օտարերկրյա վերահսկողություն՝ լինի դա ամերիկյան, եվրոպական, թե ռուսական, նրա համար անընդունելի է։

Իրական առաջարկ, թե՞ քաղաքական խորամանկություն

Վաշինգտոնի համար այս նախագիծը հնարավորություն է օգտվել տարածաշրջանում առաջացած ուժի վակուումից, ինչը հազվադեպ հանդիպող հնարավորություն է։ Թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ Մոսկվայի հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանի ազդեցությունն այժմ նվազում է տարածաշրջանում։

Կիրակոսյանը թերահավատ է այս նախագծի հանդեպ։ Նա այս նախաձեռնությունն անվանել է «անշարժ գույքի ոճի անխոհեմ գործարք»՝ կասկած հայտնելով, թե Վաշինգտոնը իրականում պատկերացնում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը։

«Դրա տակ ավելի շատ կա նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նոբելյան Խաղաղության մրցանակը շահելու ցանկության, քան պատշաճ նախապատրաստության, և այն իրականություն դառնալու քիչ հնարավորություն ունի», - ասում է Կիրակոսյանը։

Ռուսաստանի կողմից Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումը, ինչպես նաև արևմտյան պատժամիջոցները նույնպես մարտահրավեր են այս նախագծի իրականացման համար։

«Սա բարդացնում է իրավիճակը, քանի որ մասնավոր ամերիկյան ընկերությունը չի կարող պարզապես գալ և շահագործել ճանապարհ կամ երկաթուղի, որը պատկանում է կամ կառավարվում Ռուսաստանի կողմից», - ասում է Կիրակոսյանը։

Թեհրանի համար միջանցքի շուրջ բանավեճն ի ցույց է դնում Իրանի ավելի խորը անհանգստությունները՝ մեկուսացման և ազդեցության կորստի շուրջ։ Միաժամանակ, նախագիծը զսպելու Իրանի տարբերակները սահմանափակ են։ Թեհրանը թուլացած է Մերձավոր Արևելքում վերջին անհաջողությունների և անցյալ ամիս Իսրայելի հետ ունեցած բախման ֆոնին։ Ըստ վերլուծաբանների, Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ Ռուսաստանը կրկին կկարողանա դիմակայել Արևմուտքի ներկայությանը։

Միևնույն ժամանակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը զգուշանում են վերահսկողությունը կամ ինքնիշխանությունը հանձնելու հարցում՝ պահպանելով ճանապարհի վերաբերյալ իրենց սեփական պատկերացումները։

Ի վերջո, «Զանգեզուրի միջանցքը» դարձել է ոչ այնքան տարանցիկ ճանապարհի հարց, որքան ինքնիշխանության, ազդեցության և տարածաշրջանային հարաբերությունների տարբերվող պատկերացումների բախման կիզակետ։