Վեհարանի ազատագրման շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է գործողությունների ծրագիր, որով պատրաստվում է ոչ միայն Կաթողիկոսին փոխել, այլև Հայ Առաքելական եկեղեցու կանոնագիրքը:
«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին», - գրել է վարչապետը Ֆեյսբուքում:
Իսկ թե ով կդառնա Կաթողիկոս, կորոշվի կանոնագրքի հաստատումից հետո: Փաշինյանը մտադիր է «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա նոր եկեղեցական կանոններ ձևավորել, որը, խոստանում է, կլինի համառոտ և բոլորին հասկանալի փաստաթուղթ: Դա հաստատելուց հետո նոր տեղի կունենան կաթողիկոսական ընտրություններ, և բոլոր թեկնածուների բարեվարքությունը կստուգվի: Նիկոլ Փաշինյանը չի հստակեցնում, թե ինչպես են պատրաստվում, ասենք, կուսակրոնության ուխտի ստուգում իրականացնել. - «Կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն Կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որևէ ձևաչափով»։
Ազգային-եկեղեցական ժողովը եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, որը համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցն է: Այն հրավիրողը Ամենայն Հայոց կաթողիկոսն է:
Փաշինյանը, սակայն, կանոնագրքի ընդունումը պատկերացնում է նաև համարժեք այլ ձևաչափով, ի՞նչ ձևաչափ՝ արդյո՞ք իր իսկ ձևավորած համակարգող խորհրդի մասին է խոսքը, հայտնի չէ:
Ինչ վերաբերում է ամուսնացյալ քահանայի տեղապահ նշանակելուն՝ եկեղեցական կանոնով քահանան տեղապահ չի կարող լինել, և ընդհանրապես տեղապահ նշանակվում է, եթե Կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում, երկուսն էլ տեղի չի ունեցել:
Հայ Առաքելական եկեղեցու հարյուրավոր քահանաներից որևէ մեկը մինչև այժմ հրապարակավ աջակցություն չի հայտնել հակակաթողիկոսական արշավին, ավելին՝ նրանք բոլորով հուլիսի 11-ին հայտարարություն են տարածել այսպիսի վերջաբանով. - «Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ»:
Փաշինյանը գործողությունների ծրագրից այլ մանրամասներ չի ներկայացրել, վերահաստատել է, որ «Վեհարանը վեհի՛» շարժումը եկեղեցու հետևորդներինն է՝ անփոփոխ չափանիշներով. մկրտված, ամեն օր աղոթող, Հիսուսին հավատացող, Աստվածաշունչը մինչև վերջ կարդացած ... Ինքը հենց այդպիսին է և կրկնում է՝ շարժման առաջնորդն է: Երբ են հավաքվում՝ օր ու ժամ դեռ չկա:
Երեկվանից այդ հավաքը չեղարկելու արդեն երկու կոչ է արել Հայաստանի առաջին նախագահը: «Հնարավոր արյունահեղության միակ պատասխանատուն Դուք եք դառնալու», - գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, և թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսևորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին», - ընդգծում է Հայաստանի առաջին նախագահը:
Գապոն հոգևորականը արյունոտ գրոհի ու հարյուրյավոր զոհերի հերոս էր ցարական Ռուսաստանում:
Տեր-Պետրոսյանը կոչ է անում քաղաքացիներին ոչ մի դեպքում այդ հավաքին չմասնակցել :Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է երկրում խառնաշփոթ ստեղծելու համար: Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, տառապելով մեծամոլության սինդրոմով՝ Փաշինյանը ինքն է թեժացնում իրավիճակը, գրում է առաջին նախագահը:
«Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է։ Եթե դա կայանա, ապա միանգամից կնվազեն արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքները, և հակամարտող կողմերը պատեհություն կգտնեն երկկողմանի կառուցողական բանակցություններ սկսելու», - վստահեցնում է Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետի նախաձեռնած հակակաթողիկոսական արշավում առաջին անգամը չէ, որ Վեհափառի կողքին է կանգնում: Այս թեմայի պայթյունից՝ մայիսի 30-ից մեկ շաբաթ անց նա Վեհարան գնաց՝ Կաթողիկոսին աջակցելու, ապա վերջինիս հյուրընկալեց իր տանը: Այս ամենը առանձնապես լավ տպավորություն չթողեց իշխանական դեմքերի վրա: Ամեն հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագրի» անդամները կոշտ բառապաշարով էին հիշում Լևոն Տեր-Պետրոսյանին, երեկ, երբ տարածվեց առաջին նախագահի նոր հայտարարությունը, ամեն ինչ վերսկսվեց:
«Հիմնադիր բայղուշն է կրկին խոսել: Հայաստանի ժողովրդին հերթական անգամ ամբոխի հետ շփոթած հիմնադիրը հերթական անգամ գուժում է բախումներ, քաոս, անկայունություն: Եվ ելնելով իր փորձից՝ կրկին հորդորում է պայմանավորվել «էլիտաների» հետ՝ ժողովրդի վրա հենվելու փոխարեն», - Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի արձագանքն է:
ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ երկրում ոչ ներքաղաքական լարվածություն կա, ոչ էլ հակամարտող կողմեր, կա օրինական իշխանություն և այդ օրինական իշխանությանը անօրինական, հակասահմանադրական եղանակներով հեռացնել փորձող ահաբեկչական խմբակ:
Տեր-Պետրոսյանի՝ երեք քաղբանտարկյալներին ազատ արձակելու առաջարկին էլ Ջուլհակյանը հակադարձում է. - «Այս երեքը, ինչպես և ահաբեկչության, հեղաշրջման և կից գործերով անցնող շրջանակը, քաղբանտարկյալ են ճիշտ այնքան, որքան, որ 1994-98 թթ. «Դրոյի» և «31-ի» գործերով դատապարտված դաշնակցականները: Բա ազատեիք, թուլացնեիք ներքաղաքական լարվածությունը»:
Վեհարանի ազատագրական շարժման առաջնորդն ինքը Տեր-Պետրոսյանին առայժմ սեփական խոսքերով չի արձագանքել: «Չար իժերի ծնունդներին» ուղղված նրա այսօրվա գրառումը մեջբերում էր Մատթեոսի Ավետարանից: